Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղադրանքն անհիմն է. չսպասելով Վճռաբեկ դատարանի որոշմանը՝ ինչպե՞ս կարող էր նախաքննական մարմինը մեղադրանք առաջադրել Սրբազանին». Նավասարդ Կճոյանի պաշտպան

Ապրիլ 16,2020 15:49

«Մեղադրանքն անհիմն է. հիմքում ոչինչ չկա, ընդամենը ձևակերպումներ են դրել: Նախնական համաձայնությամբ և այլն: Ո՞նց կարելի է, ինչի՞ հիման վրա եք այդպիսի արտահայտություններ անում, մարդուն վարկաբեկում»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքին՝ կարծիք հայտնեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը:

Փաստմանը՝ շատերն այս մեղադրանքը կապում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Կաթողիկոսի հայտարարության հետ, պաշտպանն արձագանքեց. «Ես փաստաբան եմ և մնում եմ իրավական հարթությունում: Չեմ կարող որևէ ենթադրյալ կարծիք հայտնել, թե ինչի, ում հետ կապ ունի մեղադրանքը»:

Հետաքրքրվեցինք՝ նոր հանգամանքնե՞ր են ի հայտ եկել մեղադրանքն առաջադրելու համար, մանավանդ, որ «Օֆշորի» գործով 6 տարի բանտում անցկացրած ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել էր եւ 2020 թվականի հունվարի 31-ին քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվել: Նա Կճոյանի սանիկն է ու նրան անդրադարձ կա ԱԱԾ հաղորդագրությունում: Այս առիթով փաստաբանը նշեց. «Երբ Վերաքննիչ դատարանն անպարտ ճանաչեց Աշոտ Սուքիասյանին 178-րդ և 190-րդ հոդվածներով, դրա դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազությունը: Այս պահին Վճռաբեկ դատարանի վարույթում է գտնվում գործը: Դեռ պարզ չէ՝ Վճռաբեկ դատարանը կբավարարի՞, կվերացնի՞ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, թե՞ կմերժի բողոքը: Այս համատեքստում ինձ մոտ էլ հարց է առաջանում՝ եթե այդպես է, ապա չսպասելով Վճռաբեկ դատարանի որոշմանը՝ ինչպե՞ս կարող էին իրավապահ մարմինները՝ հանձինս նախաքննական մարմնի, մեղադրանք առաջադրել Սրբազանին, որովհետև, եթե Աշոտ Սուքիասյանի մասով Վճռաբեկ դատարանը չբավարարի, մերժի դատախազի բողոքը, դա նշանակում է, որ նաև Կճոյանին առաջադրված մեղադրանքն է անհիմն: Եթե հիմա մեղադրանք են առաջադրել, նշանակում է՝ իրավապահ մարմինները նախապես գիտեն, թե Վճռաբեկ դատարանն ինչպիսի որոշում պետք է կայացնի: Այստեղ են, չէ,՞ ասում՝ կեցցե արդարադատությունը: Շատ ցավալի է»:

Հովիկ Արսենյանն ասաց, որ որևէ նոր հանգամանք գործում չի տեսնում և ևս մեկ անգամ կրկնեց. «Ինձ համար ցավալի է՝ ո՞նց կարող է նրանք իմանան, թե Վճռաբեկ դատարանն ինչպիսի որոշում պետք է կայացնի: Դա ինչպե՞ս է լինում, սա՞ է մեր անկողմնակալ դատարանը, նպատակը, որ հասնեին դրա՞ն, որ նախապես արդեն իմանանք, թե ինչպիսի վճիռներ, իրավական ակտեր պետք է դատարանը կայացնի՞: Ցավ եմ ապրում. մենք դրա համար չէինք պայքարել»:

Փաստաբանը վստահեցրեց՝ մեղադրանքն անհիմն է նաև այն պատճառով, որ եթե մի քանի անձ ՍՊԸ են ստեղծում, հետո տնօրեն նշանակում, ապա այդ տնօրենն իրավունք ունի ազատ գործարքներ կատարել, պայմանագրեր կնքել, գումարներ ստանալ, փոխանցումներ կատարել, իսկ հիմնադիրներն այդ դեպքում ենթակա չեն պատասխանատվության: Նա ասաց, որ նույնn այս գործի դեպքում է:

Խնդրեցինք նաև մանրամասնել՝ ի՞նչ պատժաչափի, ազատազրկման ի՞նչ ժամկետների հետ գործ ունենք, Հովիկ Արսենյանն արձագանքեց. «Վաղ է խոսել երբևիցե ազատազրկումից և այլն, այլն: Առաջադրել են, ամբաստանել այդ անձնավորությանը, տեսնեմ՝ ի՞նչ հիմքեր են կարողանում դնել: Փնտրում եմ, ես էլ չեմ գտնում: Մեղադրանքն անհիմն է: Նախնական համաձայնությամբ և այլն: Ո՞նց կարելի է, ինչի՞ հիման վրա եք այդպիսի արտահայտություններ անում, մարդուն վարկաբեկում»:

Հիշեցրինք՝ օֆշորի գործով տուժող, գործարար Փայլակ Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Աշոտ Գևորգյանը կարծիք էր հայտնել՝ չի բացառվում, որ քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և հարցին՝ նման հավանականություն տեսնո՞ւմ է, փաստաբանը պատասխանեց. «Ոչ Կճոյանը, ոչ այդ անձը բացարձակապես այդ գործարքների հետ կապ չունեն՝ հափշտակություն, փողերի լվացում կամ խարդախություն: Փայլակ Հայրապետյանը թող մտածեր՝ ինչքա՞ն էր ընչաքաղց դարձել, որ ամբողջ անշարժ գույքը միանգամից համաձայնել էր դնել գրավի տակ»:

Հովիկ Արսենյանն ասաց, որ սպասելու են, տեսնեն՝ ինչ քննչական գործողություններ են կատարելու, ինչ ապացույցներ են ներկայացնելու, հետո կկողմնորոշվեն՝ ինչ քայլեր կատարել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930