«Կարծում եմ՝ շոկերն աստիճանաբար ավելի վատն են լինելու եւ ավելի հաճախ, ու մենք անընդհատ բախվելու ենք իրականությանը, որում այսպես թե այնպես առնչվելու ենք այդ շոկերին: Որքան էլ ուզենամ լավատես լինել, կարծում եմ, որ այսօր կորոնավիրուսն է, վաղը մեկ այլ բան է լինելու»,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Մարտին Գալստյանը:
Խորհրդարանն այսօր քննարկում է նրա թեկնածության հարցը: «Այս իրավիճակում ԿԲ-ի նպատակն այն է, որ ունենա գիտելիքի եւ մարդկանց պաշար՝ եկող ամեն շոկին համապատասխան արձագանք տալու համար»,-հավելեց Մարտին Գալստյանը:
Նոր շոկերին դիմակայելու գործիքակազմի առնչությամբ էլ նա շեշտեց. «Առկա գործիքակազմ իրեն, բարեբախտաբար, չի սպառել: Ընթացքում խնդիրներին զուգահեռ գործիքակազմը փոփոխվելու է: Եթե ազնիվ ասեմ, այն քաղաքականությունը, որը որոշ երկրների պարագայում կենտրոնական բանկերը որդեգրում են քաղաքական ճնշումների արդյունքում, ճիշտ չէ: Պետք է հաշվի առնենք, որ մակրոտնտեսական իրավիճակի համար ԿԲ-ն կարող է պատասխանատու լինել, իսկ խնդիրների մի մասն ուրիշ տիրույթից է, օրինակ՝ կառուցվածքային: Կարեւոր է, որ երկրի ֆինանսական մարմինների միջեւ գործակցության ավելի լուրջ մակարդակում լինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ