Aravot.am-ը տեր Պետրոս ավագ քահանա Մալյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավ կա՞: «Կարծում եմ՝ եկեղեցու դեմ արշավը մոտավորապես երկու տարի առաջ է սկսվել, բայց քիչ- քիչ չափաբաժիններով էր այդ ամենը, իսկ վերջին երկու օրերի դեպքերն այդ արշավի գագաթնակետն էին: Ցավում եմ, որ հայրենի իշխանությունները Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ այսպիսի արշավ են սկսել»,-ասաց հոգեւորականը:
Տեր Պետրոսի ձեւակերպմամբ, Վեհափառի հայտարարությունն ուղղակի պատճառ էր այս ամենը սկսելու համար. «Ես փոքր մարդ եմ, որ Վեհափառի հայտարարությունը մեկնաբանեմ, բայց ինքն, իհարկե, շատ իմաստուն հայտարարություն է արել»:
Նա հավելեց. «Ես այն եզակի հոգեւորականներից եմ, որը Խորհրդային տարիներից է ծառայել: 60-ականների վերջից առայսօր եկեղեցու ծոցում եմ եւ 25 տարի Գեղարդավանքում եմ ծառայել՝ որպես հոգեւոր հովիվ: Այդ տարիներին Հայաստան մուտք գործող բոլոր պատվիրակություններին` լինեին պետական հյուրեր, թե բարձրաստիճան պաշտոնյաներ, անպայման Մայր Աթոռ եւ Գեղարդավանք էին բերում»:
Մեր զրուցակիցը մի դրվագ պատմեց. «Երբ հյուրեր էին գալիս, Կենտկոմի երկրորդ քարտուղար Կառլեն Դալլաքյանը, որը գաղափարական բաժինն էր ղեկավարում երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի ժամանակ, Մոսկվայի բարձրաստիճան հյուրերի էր ուղեկցում: Հերթական անգամ, երբ իրենց ընդունեցի, հրավիրեցի սուրճ խմելու, Դալլաքյանn անընդհատ ասում էր՝ մեր եկեղեցին, մեր եկեղեցին… Պոլիտբյուրոյի ռուս անդամը դիմեց նրան, ասաց՝ ընկեր Դալլաքյան, ինչպե՞ս եք ասում մեր եկեղեցին՝ լինելով կոմունիստ:
Կարդացեք նաև
Կառլեն Դալլաքյանն էլ պատասխանեց՝ իհարկե, սա մեր եկեղեցին է, մենք երախտապարտ ենք մեր եկեղեցուն, որը միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին, երբ պետականություն չենք ունեցել, առավել եւս մեր մշակույթը, ճարտարապետությունն ու երաժշտությունը եկեղեցում է ստեղծվել»:
Հարցրինք ՝ ի՞նչ կարծիքի է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության մասին, թե ինչու Վեհափառը կոչով հանդես չէր գալիս, երբ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանն էին ձերբակալված, ինչո՞ւ հայտարարություն չէր անում մարտի 1-ի դեպքերի ժամանակ: «Մեր Վեհափառները եւ մեր ներկայիս Վեհափառը ամեն չի, որ բացահայտ պետք է անեն: Բացի այդ, այն տարիներին կորոնավիրուսի վարակ չկար, նման իրավիճակ գոյություն չուներ, որ Վեհափառը համընդհանուրի մասին խոսեր, մի փոքրիկ էլ առանձնացներ ՀՀ երկրորդ նախագահին վերաբերող խոսքը… Մեր Վեհափառները եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ինչ-որ արել են, ծածուկ են արել: Եվ եթե մարդիկ ոչնչից տեղյակ չեն, դա չի նշանակում, որ Վեհափառը ոչինչ չի արել՝ հայրենիքին, բանակին նվիրված:
Ես կարծում եմ, որ նաեւ Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի համար Վեհափառն անպայման միջնորդություններ ներկայացրած կլինի, բայց պետք չի, որ դա անպայման բարձրաձայնվի: Ավետարանն ասում է՝ երբ աջ ձեռքդ ողորմություն է տալիս, ձախը չպետք է իմանա: Ավետարանի սկզբունքներով առաջնորդվելով՝ ամեն ինչ էլ արվում է: Ուղղակի պետք էր , որ կառչեին Վեհափառի հայտարարությունից եւ տեսարան ստեղծեին:
Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ չէ, քանի որ ինքը պետական պաշտոնյա է, եւ իր արած արտահայտություններն ու վերաբերմունքը վայել չեն պետական պաշտոնյային: Եթե հասարակ մի քաղաքացի նման կերպ վարվեր, կասեինք՝ տեղյակ չէ, շփում չունի, իսկ երբ պետական պաշտոնյան է նման բաներ անում, այն էլ՝ Հայոց հայրապետի նկատմամբ, դա արդեն ցավալի է»:
Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը մի դրվագ էլ հիշեց. «1978 թվականին Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու 150-ամյակն էր նշվում, եւ այդ ժամանակ Կենտկոմի առաջին քարտուղարը Կարեն Դեմիրճյանն էր: Այն ժամանակ Մայր Աթոռի տարածքն այսքան մեծ չէր, իսկ հիմա հայկական Վատիկան են ասում: Նույնիսկ հին Գեւորգյան ճեմարանն այն ժամանակ Մայր Աթոռի տարածքում չէր գտնվում: Վեհափառը հայրապետական այցելության պետք է գնար արտասահման եւ այստեղ մեծ տոնակատարություն պետք է լիներ ԽՍՀՄ-ի մասշտաբով: Վեհափառը զանգահարել էր Էջմիածնի այն ժամանակվա քաղխորհրդի նախագահին, քաղաքագլխին, խնդրել էր Մայր տաճարի մուտքի մոտ, դրսից ասֆալտապատեն, որովհետեւ պետք է բարձրաստիճան հյուրեր գային: Վազգեն Վեհափառը զանգել ու ներկայացրել էր, իսկ քաղաքագլուխ կոչվածն ասել էր՝ ես հեռախոսով հարցեր չեմ լուծում, բան ունեք ասելու, եկեք ինձ մոտ: Վեհափառը շատ կոռեկտ ասել էր՝ անպայման կգամ ու լսափողը կախել էր:
Հետո այդ մասին իմացել էին Մինիստրների խորհրդում, որ նախագահն էլ կարծեմ Ֆադեյ Սարգսյանն էր, ու Վեհափառը դեռ օդանավակայան չէր հասել, այդ քաղաքագլխին աշխատանքից հանել էին: Ասել էին՝ դու քանի գլխանի ես, որ Ամենայն Հայոց հայրապետի հետ այդպես ես խոսում:
Ինչու այս օրինակը բերեցի: Ուզում եմ զուգահեռներ տանելով փաստել, որ խորհրդային տարիների մեր բոլոր ղեկավարները, ի տարբերություն անկախ Հայաստանի իշխանությունների, մեծ հարգանքով են վերաբերվել Հայ եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Հայրապետին: Չենք անձնավորում, թե ով է եղել Հայրապետը: Միգուցե իրենք հավատացյալ չեն եղել, բայց հարգել են եկեղեցին ու եկեղեցականներին, մինչդեռ, ցավոք սրտի, այսօր դա չկա»:
Մի ուրիշ խնդրի էլ անդրադարձավ հոգեւորականը. «Այս օրերին մանիպուլյատիվ բաներ են անում, Վազգեն Վեհափառի նկարն են դնում, իբր մեր կաթողիկոսն ինքն է: Թող ոչ ոք ինձնից ավելի շատ չսիրի Վազգեն Վեհափառին, որովհետեւ իմ հոգեւոր հայրն է եղել, ինքն է ինձ ձեռնադրել, օծել եւ Գեղարդ ուղարկել: Ես պաշտամունք ունեմ Վազգեն Վեհափառի նկատմամբ, բայց այս օրերին ինձ թույլ չեմ տա նրա նկարը դնել եւ մարդկանց թյուրիմացության մեջ գցել: Փառք ու պատիվ Վազգեն Վեհափառին, իր անցյալին: Թող Աստված հոգին լուսավորի, բայց մենք ունենք ընտրյալ կաթողիկոս, եւ պետությունը, ժողովուրդը պետք է կանգնեն նրա կողքին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աստծո հետ էի խոսում հենց նոր ու Նա ինձ ասած որ վատ չէր լինի եթե ձեր և
“Վեհափառի” բարձր աշխատավարձերը կիսեք կարիքավոր ընտանիքների հետ։ Աստված ձեզ կպարգևի այդ բարի գործի համար։
Հարգելի «Առավոտի» խմբագրություն
եւ պ. Արամ Աբրահամյան
Վաղուց ապրում եմ Եվրոպայում, ունեմ հաշմանդամություն
( մեկ աչքի կուրություն, երկրորդի՝ 50 տոկոս տեսողություն)
2000 ականների սկզբին էր, Երեւանի ս.Սարգիս եկեղեցում
մասնակցում էի բարեկամիս պսակի օրհնման արարողությանը,
իմ կողմից որպես աջհամբույր 10 հազար դրամ դրեցի հատուկ դրված սինիի վրա: Տեր հայրը շատ դժգոհ ասաց երեսիս.
դրսից ես եկել, տասանոց ես դնում ՞: ինչ կռահեց որ «դրսից եմ», չիմացա: լուռ հեռացա: Տեր Պետրոսն էր այդ քահանան եւ հիմա այս հոդվածով նա բողոքում է…եւ հոգեւոր արժեքների մասին խոսում:
Աստված բոլորիս հետ, առողջ եղեք