Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր մեծագույն խնդիրն է՝ հաստատել լիարժեք փոխվստահություն և լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ. Փաշինյան

Ապրիլ 16,2020 14:20

Ոստիկանության օր, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակ, Հայաստանի պարենային ապահովվածություն. վարչապետի անդրադարձը կառավարության նիստում

Հարգելի գործընկերներ,
այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրն է: Պարոն Սարգսյան, թույլ տվեք Ձեզ և ոստիկանության ողջ անձնակազմին շնորհավորել այս կարևոր տոնի կապակցությամբ: Ոստիկանությունը ցանկացած պետության, այնպես էլ մեր պետության իրավակարգի պահպանության կարևորագույն ինստիտուտներից է, և իհարկե, նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, ընդհուպ տնտեսական և քաղաքական ազատությունների պահպանման և կիրառելիության մակարդակը:

Պետք է արձանագրել և խոստովանել, որ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության և հանրության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել: Դրանք ունեցել են բազմաթիվ բարդություններ, նույնիսկ ճգնաժամեր։ Այսօր մեր մեծագույն խնդիրն է՝ հաստատել լիարժեք փոխվստահություն և լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ, և դա մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից է: Մենք բավական երկար ժամանակ արդեն քննարկում ենք ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և, ճիշտն ասած, արդեն ապրիլի 1-ից պետք է սկսեին գործողություններ այդ ուղղությամբ, սակայն համաճարակը որոշակի սրբագրումներ մտցրեց: Այնուամենայնիվ, ոստիկանության բարեփոխումները շարունակում են մնալ մեր օրակարգի կարևոր առաջնահերթություններից մեկը, և այդ օրակարգում երկու կարևոր հենասյուն կա՝ առաջինը հանրության լիարժեք վստահությունն է ոստիկանության նկատմամբ և երկրորդը՝ ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը: Եվ նաև կարևոր է այս համատեքստում ընդհանրապես ոստիկանության իմիջի, բառիս բուն և փոխաբերական իմաստով, բարեփոխումը: Ոստիկանությունն իսկապես պետք է փոխվի և պետք է փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին, պայմաններին և այն հավակնություններին, որ այսօր մեր պետությունը և ժողովուրդը ձևակերպում են: Օրվա խորհրդի շրջանակում ես առաջակում եմ, որպեսզի մենք մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր այն ոստիկանների հիշատակը, ովքեր զոհվել են Հայաստանի Հանրապետության օրենքը, իրավունքը, իրավակարգը պաշտպանելիս:

Նաև ուզում եմ տեղյակ պահել, որ այսօրվա կարանտինային պայմանների բերումով ոստիկանության օրը նշվելու է սահմանափակ, հնարավորինս ամենասահմանափակ շրջանակում: Ես համոզված եմ, որ այս տարի բացթողնվածը մյուս տարի կլրացնենք: Հույս ունենք նաև ոստիկանությունում արդեն այդ ընթացքում հասցրած կլինենք տեսանելի փոփոխություններ իրականացրած լինել: Այսքանը Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Հարգելի գործընկերներ, այսօր մեր գործընկեր, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ծննդյան օրն է: Շնորհավորենք մեր գործընկերոջը և մաղթենք հաջողություններ:

Եվ անցնելով մեր ընթացիկ թեմաներին՝ պարոն Թորոսյան, խնդրում եմ տեղեկատվություն տաք, թե ինչ իրավիճակ ունենք կորոնավիրուսի համաճարակի շրջանակում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Անցնող օրվա դրությամբ ունեցել ենք նոր 48 հաստատված դեպք և 61 առողջացում: Հետևաբար, կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը, այսինքն՝ մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 1159 է, և նույն միջոցառումները շարունակվում են: Կարող եմ նաև տեղեկացնել, որ այս ամբողջ ընթացքում մոտավորապես 1500 հոգուց ավելի կարանտինից դուրս է եկել, այսինքն՝ այդ կարանտինային միջոցառումների արդյունքում, ինչպես նաև տեղեկացնեմ, որ կարանտինում գտնվող անձանց՝ մոտ 300 հոգու մոտ հաստատվել է դրական արդյունք: Ինչո՞ւ եմ սա ասում, որպեսզի պարզ լինի, որ կարանտինային միջոցառումները շատ էֆեկտիվ են: Այսինքն՝ եթե մենք դրանք արած չլինեինք, ապա մոտ 300 քաղաքացու փաստորեն հետազոտած և հաստատած չէինք լինի և հնարավոր էր՝ ավելի մեծ տարածում ունենայինք: Միջոցառումները շարունակվում են, հիվանդանոցային ֆոնդը, մահճակալային ֆոնդն այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված, և եթե մենք կարողանանք այս տեմպը պահել, այսինքն՝ մեր հանրությունը մեր բոլոր խորհուրդներն իրականացնի, մեր նոր բացվող գործատուները պահպանեն բոլոր սանիտարահամաճարակային կանոնները, մենք կարող ենք հույս ունենալ, որ այս իրավիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Թորոսյան, ես գուցե բաց թողեցի, Դուք երեկվա թեստերի թիվը չնշեցիք, որովհետև մեծ թվով թեստեր են երեկ իրականացվել: Սա կարևոր նյուանս է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Մենք իրականացրել ենք զուտ 24-ժամյա ցիկլով 537 ֆիքսված թեստ, բայց քանի որ թեստերի մի մասը հաջորդ օրն են մուտքագրվել համակարգ, կարող եմ ընդհանուր թիվն ասել՝ 810 թեստ: Ինչո՞վ է սա կարևոր: Մենք նաև համեմատում ենք այլ երկրների՝ 1 մլն բնակչին ընկնող թեստերի թվով: Մենք բավական լավ դիրքերում ենք աշխարհում, նույնիսկ մեր հարևանների և մոտ գործընկերների հետ համեմատած. մենք անում ենք բավական մեծ թվով թեստեր՝ իհարկե, կրկին ցուցումներով: Ցուցումների շրջանակն էլ աստիճանաբար լայնացնում ենք՝ խորհրդակցելով նաև մեր գործընկերների հետ, թե ինչպիսի իրավիճակ է իրենց մոտ: Այսինքն՝ մեր առջև դրված նպատակը փաստացի իրագործվել է, և եթե կարիք լինի նոր ծավալներ ապահովել, մենք էլի կարող ենք մտածել նոր լաբորատորիա ներգրավելու և ծավալները մեծացնելու ուղղությամբ, բայց կարծում եմ, որ այս պահին այսքանն էլ բավարար է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մի այսպիսի հաշվարկ էլ կա, որ մենք փաստորեն այսօր մոտավորապես 16-ին 1, այսինքն՝ 16 թեստից 1 դրական դեպք ենք ունենում, որը բավական լավ ցուցանիշ է: Բայց էլի ես  ուզում եմ ընդգծել հետևյալը. ընդհանուր առմամբ համաճարակի մեր կորը հիմա գտնվում է, այսպես ասած, կառավարելիության տիրույթում, բայց եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, մենք, հնարավոր է, իսկապես ունենաք համաճարակի նոր բռնկում:

Ես ուզում եմ, որ մեր հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որ տեղի է ունեցել օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում: Հարգելի գործընկերներ, մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության՝ իհարկե, նախապես զգուշացնելով, որ պետք է պահել հեռավորություն և որոշակի կանոններ պահպանել: Իհարկե, ոստիկանի և մասնագետի ուղեկցությամբ է նա գնացել հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը, բայց հասկանալի է, որ իրավիճակը շատ հուզումնալից պահ է եղել և նրանք, այնուամենայնիվ, ի հեճուկս խնդրանքների, հորդորների, չեն պահել պայմանները և հարազատների հետ, ինչպես սովորական ընթացակարգով, սովորական դեպքերում գրկախառնվել են, և 2 օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտը թեստը դրական արդյունք է ունեցել, այսինքն՝ հաստատվել է կորոնավիրուսի վարակի դեպք: Եվ սրա արդյունքում հիմա պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ուղղակի ամբողջությամբ մեկուսացնել:

Այսինքն՝ այստեղ հասկանալի է, որ այդպիսի դեպքերում պարետատունը ճիշտ որոշում է կայացրել, որ քաղաքացուն ուղեկցի հարազատի հուղարկավորությանը, հոգեհանգստին, բայց տվյալ դեպքում պարզ է, որ ոստիկանությունը չի կարող ամեն ինչը հսկողության տակ պահել: Քաղաքացիներն իրենք պետք է հասկանան, որ այս իրավիճակը չափազանց լուրջ է, և հիմա վարակված հարազատներ, Աստված չանի, մահվան ելքով, պատկերացնո՞ւմ եք։ Ընդհանրապես հարաբերություններ են քանդվում նաև: Մենք այսօր դեպքեր ունենք, որ, ցավոք, հայտնի դեպքերի շրջանակում ընտանեկան հարաբերություններ կան, ազգակցական հարաբերություններ կան, որոնք համաճարակի, մեր անհատական պահվածքի հետևանքով ուղղակի փլուզվում են, այսինքն՝ պետք է շատ լուրջ վերաբերվել այս իրավիճակին:

Այսօր մեզ մոտ մահվան միջին տարիքը 74,6 է։ Այո, նրանք, ովքեր առողջ են, և շատ քիչ է հավանականությունը, որ նրանք մահվան ելքով կվարակվեն, բայց նրանք ւ մենք պետք է հասկանանք, որ մեր գործողությունների արդյունքում կարող են մահանալ մեր մերձավոր հարազատները կամ մեր ընկերների, բարեկամների մերձավոր հարազատները, ավագ տարիքի: Եվ սրա նաև բարոյական հետևանքների մասին է պետք մտածել: Մենք, իհարկե, հասկանում ենք՝ մեր ռազմավարությունն այն է, որ այս վիրուսին զուգահեռ նաև պետք է ապրենք, բայց որպեսզի մենք դրա արդյունքում աղետներ չբերենք մեր գլխին, անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի իր վարքին, իր պահվածքին:

Մենք առաջիկայում ունենք շատ կարևոր հիշատակի օրեր և տոներ՝ արտակարգ դրության շրջանակում, և եթե մենք հանկարծ գտնվենք էմոցիոնալ, մենք կարող ենք աղետներ բերել մեր գլխին: Առաջիկայում ապրիլի 24-ն է, և ես չեմ կարծում, որ եթե այդ օրը մեր էմոցիոնալ պահվածքի արդյունքում հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով Ցեղասպանության մեր նահատակների հոգիներն ավելի հանգիստ կլինեն: Բացարձակապես չեմ կարծում: Ես կարծում եմ, որ պետք է լինել շատ ճշգրիտ, կարգապահ և, ի վերջո, մենք պետք է ամեն օրվա հետ ավելի լուրջ վերաբերվենք: Որովհետև, եթե մենք ուզում ենք, որպեսզի այս սահմանափակումները ոչ թե գնալով խստանան, այլ թուլանան, չնայած մյուս կողմից մենք այլ տարբերակ էլ չունենք, որովհետև չենք կարող տնտեսությունն ուղղակի փակել:

Մարդիկ այսօր մեկ ամսից ավելի տներում փակված հոգեբանական ճնշման ներքո են, տնտեսական ճնշման ներքո են, մենք բոլորս սոցիալական ճնշման ներքո ենք, և մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի պայմաններում, բայց դա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն: Հիմա մենք ամսի 20-ից հնարավորություն պետք է տանք տեքստիլ գործարաններին աշխատել, բայց եթե այդ գործարանների գործատուները և աշխատողներն առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը բերելու է աղետալի հետևանքների: Այո, մենք պատրաստ ենք պատասխանատվության մեր մասը կրել: Եվ հիմա այսօր քննարկում էինք, որ այդ ձեռնարկությունները կլինեն հատուկ հսկողության տակ, և պետական ներկայացուցիչները ստուգայցերով կստուգեն, թե ինչքանով են պահպանվում այն կանոնները,  որոնք ոչ միայն հրապարակված են Առողջապահության նախարարության և պարետատան կողմից, այլև, բարեբախտաբար, մենք ունենք շատ հաջողված դեպքեր, թե ինչպես են գործատուները ճշգրիտ պահպանում այդ կանոնները և ունեն շատ տեսանելի արդյունքներ: Այսինքն՝ մենք ունենք ձեռնարկություններ, որտեղ աշխատողները, իրենք իմանալով, որ ջերմություն ունենալով իրենց ներս չեն թողնելու, իրենք ուղղակի չեն գնացել աշխատանքի, շարունակել են մնալ տանը, հաստատվել է դեպքը: Բայց մենք այսօր համաճարակային պրոբլեմ չունենք, որովհետև մարդիկ գործնականում չեն շփվել, որովհետև  նաև իրենց գործատուների խիստ պահանջներն են նրանց ստիպել,  որ մեկուսանան: Այսպիսի դեպքերում մեզնից բոլորը մտածում են, որ մեզ հետ տեղի չունենա, ինչ-որ ուրիշ տեղ է այդ ամեն ինչը, բայց եկեք չանենք այնպես, որ մեզնից յուրաքանչյուրը դրա աղետալի և ծանր հետևանքները զգան: Արձանագրենք, որ համենայնդեպս, այս պահին պարետատունը, Առողջապահության նախարարությունը, կառավարությունը՝ պետական կառավարման համակարգը կարողացել է համաճարակն առնել հսկողության տակ: Այս փուլից սկսած՝ արդեն մեզնից յուրաքանչյուրի, յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունն է պետք, որպեսզի իրավիճակը նեգատիվ առումով չփոխվի: Պարոն Թորոսյան, բան ունեիք ասելու:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան –Պարոն վարչապետ, կարճ հավելեմ Ձեր ասածին՝ զուտ մեկ այլ լույսի ներքո, որովհետև նույն գործատուի շահերից է բխում ոչ միայն մեր՝ ընդհանուր հասարակության կանոնները խստիվ պահպանելը, քանի որ հենց իր գործունեությունն է վտանգվելու: Մենք հենց երեկ էլ մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք դեպքի հաստատում, որի էպիդեմիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ էլի հայտնաբերվել է գործատուի կողմից մուտքի պահին՝ ջերմաչափման ժամանակ և էլի ուղարկվել է տուն և էլի գործատուն փաստացի զերծ է մնացել այդ մեծ վտանգից, որ հնարավոր էր՝ հարյուրավոր իր այլ աշխատակիցներ վարակվեին: Եվ նորից՝ այդ պատասխանատվությունն ավելի շատ պետք է հենց տնտեսվարող սուբյեկտներին, քան մեզ բոլորիս իրենց գործունեությունն անդադար ապահովելու համար, և ես էլ Ձեզ պես կոչ եմ անում, որպեսզի հետևեն բոլոր կանոններին, և կարողանանք այս կառավարելի ընթացքը հնարավորինս երկար պահել: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Շնորհակալ եմ: Նաև ուզում եմ արձանագրել, որ ապրանքային շուկաներում, սննդամթերքի շուկայում մենք ունենք հուսալի վիճակ: Գները որոշակի տատանումներից հետո, ըստ էության, վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակներից։ Մենք ապրանքային դեֆիցիտ չունենք և չենք ունենալու: Այս ընթացքում Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ սերտ գործակցության արդյունքում այս պահին մեզ հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը, և ներմուծումներն սկզբունքորեն պրոբլեմ չեն եղել: Պարոն Անանյան, ճիշտ եմ, չէ՞, արձանագրում մեր այսօրվա վիճակը, և մեր ներկայացուցիչը Վերին Լարսում արդեն լիարժեք անցե՞լ է աշխատանքի, թե՞ դեռ մեկուսացման վիճակում է:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան– Պարոն վարչապետ, լիարժեք անցել է իր պարտականությունների կատարմանը, թեև վերջին օրերին էլ պարտականությունները կատարել է հեռավար օժանդակողների միջոցով: Արտգործնախարարության մեր գործընկերներն իրեն շատ սերտ համագործակցություն են ցուցաբերել այդ հարցում: Ամեն դեպքում ակտիվ մասնակցություն է ունենում բոլոր պրոցեսներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Ինքն արդեն կարանտինի մեջ չէ՞, դո՞ւրս է եկել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան – Դուրս է եկել, աշխատում է, մուտք գործելու-գնալու բոլոր պրոցեդուրաները համաձայնեցված են: Նաև Ռուսաստանում մեր դեսպանը գրավոր դիմել է Օսեթիայի ղեկավարությանը՝ խնդրելով աջակցություն: Այսինքն՝ վերին աստիճանի անհրաժեշտ փոխգործակցությունը արտգործնախարարության և մեր մաքսային կցորդի միջև կա, և միասնական, թիմային աշխատանքով գնում ենք առաջ: Նորմալ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և Ռուսաստան Դաշնության մեր գործընկերներին մեր առաջադրած հարցերին արագ արձագանքելու և լուծումներ տալու համար:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930