Սոցիալապես անապահով շուրջ 85 հազար ընտանիքի աջակցություն կցուցաբերվի: Այսօր այս մասին կառավարության նիստում հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Այս աջակցությունը կտրամադրվի կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 13-րդ ծրագրով: Միջոցառումների այս ծրագրով օժանդակություն կստանան կորոնավիրուսի տարածման հետեւանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած սոցիալապես անապահով ընտանիքները:
Զարուհի Բաթոյանի խոսքով, միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները: Նախարարն ասաց, որ աջակցությունը տրամադրվում է սույն միջոցառման 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր ընտանիքին՝ իր նպաստի չափի 50 %-ի չափով, որի 70 %-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձեւով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ 30 %-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին:
Սույն միջոցառման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձեւակերպվում որպես կանխավճար:
Զարուհի Բաթոյանի խոսքով, միանվագ աջակցությունը կազմում է 1,2 միլիարդ դրամ:
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագրով չգրանցված օրավարձով աշխատողների 90 եւ ավելի, եթե ոչ 100 տոկոսով հասնում է այդ աջակցությունը, գումարած՝ 7-րդ, 9-րդ, 11-րդ եւ 12-րդ ծրագրերով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ