«Ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ գործող իշխանությունը ցուցաբերում է զրո հարգանք մարդու անձնական տիրույթի հանդեպ: Խոսքը բանկային գաղտնիքի մասին է, որն ինձ համար անձնական-ֆինանսական տիրույթի հարց է: Նախկին իշխանությունն ապօրինություն էր անում եւ իմանում, թե որ բանկում ով ինչքան փող ունի: Այսօրվա իշխանությունն ընդունում է օրենքներ, որ ապօրինությունն օրենքով անի: Հիմա ԿԲ-ն, որպես ֆինանսական ոլորտի կարծիք արտահայտող, ինչպե՞ս է բանկային գաղտնիք պահելու, ներդրողներին համոզելու, որ ՀՀ-ում ներդրում անելն անվտանգ է, ներդրումների գաղտնիությունը պաշտպանված է»,-ԱԺ այսօրվա նիստում կենտրոնական բանկի նախագահի թեկնածուին նման հարցադրում հղեց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը: Մարտին Գալստյանը նախ շեշտեց, որ Մարուքյանի ասածի մի մասն իր տիրույթում չէ, այլ իրավապահների. «Որովհետեւ եթե ՀՀ-ում կա մարդ, որը գիտի, թե ով որտեղ որքան փող ունի, դա այլ խոսակցություն է, որին չեմ ուզում մասնակցել: Ինչ վերաբերում է այն օրենսդրական նախաձեռնությանը, որն առնչվում է բանկային գաղտնիքին եւ նախագահի կողմից ուղարկվել է ՍԴ, իմ ուսումնասիրությամբ՝ ունի հստակ իրավակարգավորումներ: Հստակ նշված է այն գործերի շարքը, որով կարելի է ինչ-որ գործողություն սկսել: Գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը պետք է միջնորդություն ներկայացնի դատարանին, ունենա վերջինիս վճիռը, նոր կարողանա գնալ ինչ-որ բանկային գաղտնիքի հետեւից: Ուրիշ այլ կերպ հնարավոր չէ այդ գործը առաջ տանել: Պետք չէ խոսել բանկային գաղտնիքի թուլացման մասին, եթե կա շրջանակ, որն այս պահին տալիս է համապատասխան իրավակարգավորումներ»:
Մարուքյանը պատասխանեց. «Հիշեցի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ասում էր՝ տնտեսական ճգնաժամ է, ճգնաժամ է, մի ասեք՝ չի գա ճգնաժամը… հիմա բանկային գաղտնիքը թուլացվել է, ասում ենք, որ թուլացել է: Եթե մարդը չի անցնում քրեական գործով, պետությունն ինչո՞ւ պետք է տեսնի, թե նրա բանկային հաշիվներում ինչ կա, թե երրորդ անձինք նրան ինչ գումար են փոխանցել»: Գալստյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ ֆինանսական կայունությանը սպառնացող վտանգ չունենք այս պահին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ