Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ ունենք 48 հաստատված կորոնավիորւսի նոր դեպք եւ 61 առողջացում. «Կարելի է ասել, որ դրական բալանսով ենք փակելու օրը, մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է: Ընդհանուր դեպքերի թիվը 1159 է եւ նույն միջոցառումները շարունակվում են: 1500-ից ավելի քաղաքացի կարանտինից դուրս է եկել: Կարանտինում գտնվող անձանցից 300-ի մոտ հաստատվել է դրական արդյունք: Սա ասում եմ, որ պարզ լինի՝ կարանտինային միջոցառումները արդյունավետ են եւ, եթե մենք դրանք արած չլինեինք, փաստորեն 300 քաղաքացու հետազոտած չէինք լինի եւ հնարավոր է՝ ավելի մեծ տարածում ունենային»:
Նախարարն ասաց, որ միջոցառումները շարունակվում են, մահճակալային ֆոնդն այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված եւ, եթե կարողանանք այս տեմպը պահել եւ հանրությունը կարողանա բոլոր խորհուրդներն իրականացնել, իսկ բոլոր գործատուներն էլ պահպանեն հակամաճարակային կանոնները՝ կարող ենք հույս ունենալ, որ այս իրավիճակը երկար ժամանակ կմնա կառավարելի:
Թորոսյանի խոսքով, երեկ իրականացրել են 810 թեստ. «Այս թիվը, որ համեմատում ենք այլ երկրների հետ, մեկ միլիոն բնակչին ընկնող թեստերի թվով մենք բավականին լավ դիրքերում ենք: Մեր հարեւանների եւ մեր գործընկերների հետ համեմատությամբ՝ մենք անում ենք բավական մեծ թվով թեստեր: Ցուցումների շրջանակն աստիճանաբար լայնացնում ենք: Եթե կարիք լինի նոր ծավալներ ապահովել, մենք կմտածենք նոր լաբորատորիա ներգրավելու եւ ավելի մեծ թվով թեստեր անելու մասին»:
Վարչապետ Փաշինյանն ասաց, որ այսօր արդեն 16 թեստից մեկ դրական դեպք ենք ունենում, ինչը լավ ցուցանիշ է. «Համաճարակի մեր կորը հիմա գտնվում է կառավարելիության տիրույթում, բայց, եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը , որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, կարող է ունենանք համաճարակի նոր բռնկում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ