Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղավիացիայի փլուզումը սկսվել է 90-ականներից ու շարունակվում է մինչ օրս. «Փաստ»

Ապրիլ 16,2020 13:03

Քաղավիացիայի շուրջ ստեղծված աղմուկը, ոլորտի արդեն նախկին ու այժմյան ներկայացուցիչների, պատասխանատուների փոխադարձ մեղադրանքները, Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բարձրացած աղմուկը, ինչպես նաև ՔԱԿ-ում EASA-ի անցկացրած վերջին աուդիտը ամենևին չեն վկայում ոլորտում առկա առողջ մթնոլորտի մասին:Ավիացիայի խնդիրների շուրջ զրուցել ենք «Ավիացիայի և տուրիզմի զարգացման ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Անդրանիկ Վանցյանի հետ, որը նաև մի օրինակ է բերել, ինչը վկայում է մասնագետների ներուժն անարդյունավետ օգտագործելու մասին:

«Քաղավիացիայի փլուզումը սկսվել է 90-ականներից ու շարունակվում է մինչ օրս: Խորհրդային Միության տարիներին, ունենալով քաղավիացիայի ամենահզոր ոլորտը, հանդիսանալով առաջատարներից մեկը, այսօր Հայաստանը ավիացիայի ամբողջովին փլուզված ոլորտ ունի, որտեղ բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Սա, իհարկե, մեկ օրվա պատմություն չէ, և ներկայում ունենք այն, ինչ ունենք:

Ոլորտի առաջ ծառացած խնդիրներ կան: Իրականում ավիացիան սպեցիֆիկ ոլորտ է և այստեղ լուծումներ գտնելու ու ոլորտը զարգացնելու համար թիմային աշխատանք է անհրաժեշտ: Թիմ՝ բաղկացած ավիացիոն ճյուղերի մասնագետներից, որոնք իրենց գործում գիտակ են, ունեն փորձառություն և մասնագիտական հմտություններ: Մեր բացթողումները շատ են եղել, և պատճառներից մեկն այն է, որ հեղափոխությունից հետո պատշաճ ձևով չկազմակերպվեց ոլորտի վերականգնման ռազմավարությունը, չկազմավորվեց մասնագետների այն թիմը, որը կարող էր ապահովել ոլորտի բնականոն աշխատանքը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Վանցյանը՝ շեշտելով, որ ստեղծվածի հետևանքը նաև նշված բացթողումներն են:

Ա. Վանցյանն ընդգծեց, որ այս ոլորտը նեղ մասնագետների մի ամբողջ շարք է ենթադրում, որոնց թվում են ավիացիոն տնտեսագետները, հաշվապահները, իրավաբանները, ինչպես նաև թռիչքների մասնագետները: Նա ընդգծեց, որ իշխանափոխությունից հետո ավիատորների կողմից կառավարությանը բաց նամակներ էին ուղարկվել, հետո վարչապետի հանձնարարականով այն ժամանակ դեռ տրանսպորտի և կապի նախարարությունում աշխատանքային խումբ էր ստեղծվել:

«Սկզբնական շրջանում խմբի աշխատանքները պետք է ունենային այն ֆորմատը, որն առաջարկել էին մասնագետները: Մեզ հավատացրեցին, որ խումբը կազմված կլինի 10-12 բարձրակարգ մասնագետներից, որոնք կիրականացնեն ուսումնասիրություններ, կկազմեն առաջարկություններ ոլորտի զարգացման վերաբերյալ ու այն կներկայացնեն վարչապետին: Բայց խումբը կազմավորվեց ոչ այդ ֆորմատով»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հետագայում ով ցանկացավ, ներգրավվեց խմբի աշխատանքներում:

«Խմբի աշխատանքներին սկսեցին մասնակցել, այսպես ասած, ավիացիան կողքից սիրող մարդիկ: Այսինքն, ֆորմատը բաց ու անհասկանալի տեսք ստացավ: Բացի այդ, շրջանառության դրվեց մի աբսուրդ հարց, որին ի սկզբանե դեմ արտահայտվեցինք: Հարցը վերաբերում էր ազգային ավիափոխադրող ունենալուն ու դրա տնտեսական հիմնավորմանը: Ինքս ասել եմ, որ սա սխալ ուղղություն է, որովհետև առաջնահերթ խնդիրների շարքում պետք է լինեն ավիացիոն ոլորտի իրավական դաշտի կարգավորումները, ռազմավարության մշակումը և կառուցվածքի ստեղծումը: Նաև Ավիացիայի մասին օրենքում անհրաժեշտ փոփոխություններ անելու մասին է շեշտվել, որոնք պետք է նպաստեն մենաշնորհների վերացմանը և հավասար պայմաններ ստեղծվեն շուկայում գործող ավիաընկերությունների համար: Այլ պնդումներ ևս եղել են՝ կապված օդանավակայանի որոշակի ծառայությունների հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս հարցերի քննարկումը հետաձգվում էր:

«Մենք հետագայում հասկացանք, որ այդ հարցերն ընդհանրապես չեն քննարկվելու: Իրականում, երբ չկա համապատասխան իրավական դաշտ, պատշաճ աշխատող կառույցներ, ազգային ավիափոխադրողի հարցը քննարկելն իրատեսական չէ: Աբսուրդ էր նաև վերոնշյալ հարցի տնտեսական հիմնավորման բաղադրիչը. սա ավիացիոն ոլորտում իրականում չափելի չէ: Ավիափոխադրող ստեղծելը գերռիսկային գործընթաց է և չես կարող նախատեսել, թե ինչ խնդիրների հետ կարող ես բախվել: Այս պարագայում չես կարող գեղեցիկ բիզնես ծրագիր կազմել»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ, ի վերջո, ավիատորների իրենց խումբը հրաժարվել է մասնակցել խմբի աշխատանքներին:

«Հրաժարվեցինք, որովհետև հասկացանք, որ որևէ հարց չի լուծվի: Նախարարին էլ գրեցինք հրաժարվելու պատճառների մասին՝ ընդգծելով, որ ֆորմատն անարդյունավետ է և աշխատանքներն ըստ պատշաճի չեն կազմակերպվել: Խոսքը մոտավորապես 2019 թվականի սկզբի մասին է: Հետագայում խմբի գործունեությունը դադարեցվեց»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930