«2003թ.-ն վաճառվեց ՀՀ ոսկու պահուստը՝ մոտ 3 միլիարդ դրամով: Այդ ժամանակվա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ոսկին հարստության կուտակման եղանակ է, բայց ՀՀ-ն չի գտնվում այնպիսի վիճակում, որ հարստության կուտակմամբ զբաղվի, որովհետեւ ոսկու կուտակումը ամենափոքր եկամտաբերությունն ունի: Վերջին խոսքի հետ դուք ասացիք, որ համաձայն եք: Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում «սեւ օրվա» համար կենտրոնական բանկում ոսկու որոշակի պաշար ունենալու մասին, անգամ եթե դրա եկամտաբերությունը մոտ է զրոյին»,-ԱԺ նիստում այսօր կենտրոնական բանկի նախագահի թեկնածուին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը:
ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
Գալստյանը նախ շեշտեց, որ 2003թ.-ին իրացված հայաստանյան ոսկու պաշարի դիմաց ստացվել է եվրո եւ բրիտանական ֆունտ, որի եկամտաբերությունը եղել է 5%, մինչդեռ ոսկունը՝ 0. «Ոսկին դժվար է պատկերացնել որպես ֆորսմաժորային գործիք: Կարծում եմ՝ Տիգրան Սարգսյանի թեզն այն է, որ եթե դուք այնքան հարուստ եք, որ կարող եք ձեզ թույլ տալ 9000 տոննա ոսկի պահել ֆեդերալ-ռեզերվային բանկի հաշվեկշռում՝ առանց տոկոս ակնկալելու, միգուցե դա նպատակահարմար է որպես հարստության կուտակում: Բայց պորտֆելի կառավարման տեսանկյունից որեւէ դրամատիկ բան չեմ տեսնում. ոսկին վերափոխվել է մեկ այլ ակտիվի»:
Մարտին Գալստյանը կարծում է, որ այս հարցում զգայական տարր էլ կա. «Մենք պատկերացնում ենք,որ եթե աշխարհը փլվի, ոսկին կմնա…չգիտեմ, վիճելի թեզ է: Տասը տարի հետո կարող է պարզվել, որ ոսկին չէ դիտարկվում որպես կայուն ակտիվ, այլ մեկ այլ բան: Ամեն դեպքում, այս հարցում չարամտություն տեսնելը տեղին չէ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ