Երեւանում գործող մեկուսարաններում տիրող իրավիճակի, ներքին կյանքի ու ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ զրուցել ենք Երեւանի կարանտինի գրասենյակի ղեկավար Նարեկ Վանեսյանի հետ։ Նախ հարցրինք, թե ինչ ասել է «Երեւանի կարանտինային զոնա»։
«Կարանտինի զոնաներն այն զոնաներն են, որտեղ ժամանակավորապես, համաճարակաբանական մարտահրավերներից ելնելով, առանձնացվում են մարդիկ։ Կարանտինային զոնաները լինում են 2 տեսակ՝ կոնտակտավորների համար մեկուսարաններ, որտեղ նվազագույնը 14 օր մեկուսանում են մարդիկ, որոնք համաճարակաբանական հետախուզության արդյունքում կասկածվել են հաստատված կորոնավիրուսի դեպք ունեցող անձի հետ շփման մեջ։ Երկրորդ տեսակն ասիմպտոմ դրականների մեկուսարաններն են։
– Մեկուսացվածների ո՞ր պահանջներն են բավարարվում, ինչի՞ կարիք են ունենում։
– Եկեք նրանց պահանջմունքները բաժանենք 3 խմբի։ Առաջինը՝ դեղորայքային պահանջմունքներ․ եթե մեր բժիշկների կողմից նշանակված դեղամիջոց է, ապա մենք հրատապ ձեռք ենք բերում։ Սննդի մասով կան հակացուցումներ, կան սահմանափակումներ, որոնց վերաբերյալ բոլոր կոնտակտավորներին, երբ դիմավորում ենք, բացատրում ենք, թե իրենք ուր են գալիս, քանի օր են մնալու, երբ է արվելու թեստավորումը, եւ հատուկ նշում ենք, թե ինչ ապրանքներ կարող են ներս մտնել։ Թղթադրամ եւ այլ թղթեր կատեգորիկ չեն մտնում ներս, դա բացառվում է։ Այն ամենը, որը հնարավոր է ախտահանել, սահմանված կարգով իրականացնում ենք ախտահանում, վստահ ենք լինում, որ ախտահանվել է, փոխանցում ենք հարազատին։ Դրսից ներս կարող է գալ բացառապես գործարանային արտադրության սննդամթերք, որոնց դեպքում հնարավոր թունավորումներն ու այլ հետեւանքները կարող են հասցվել նվազագույնի։ Այսինքն՝ թույլ չենք տալիս, որ ինչ-որ մեկի հարազատն իր տանը սնունդ պատրաստի եւ բերի, որովհետեւ այդ բերած սննդամթերքի վրա մենք հսկողություն չունենք, չգիտենք՝ արդյոք եփման, սանիտարահիգիենիկ պայմանները պահպանվա՞ծ են, թե՞ ոչ, կամ հնարավոր է, որ պատրաստողը կորոնավիրուս է ունեցել եւ չի իմացել։ Այդ ամենը բացառելու համար մենք սահմանափակումներ ենք մտցնում։ Նվազագույնը 3 անգամ օրվա մեջ մենք նրանց սնունդ ենք տալիս, լինում է, որ հավելյալ միրգ ու թխվածք էլ ենք տալիս։ Եթե ուզում են այնպիսի բան, որ մեր ճաշացանկում չկա, օրինակ՝ դիաբետիկների դեպքում ասվում է, որ նրանց տրվի դիետիկ սնունդ։ Մեր կամավորները հավաքագրում են բոլոր նման խնդիր ունեցողներին, օրինակ՝ մարդիկ, որոնք բուսակեր են կամ պասի ժամանակահատվածում պասի մեջ էին, եւ կրոնական պահանջներ կան որոշ սննդատեսակների առումով, այդ դեպքերում մենք մատակարարին խնդրում ենք, որ համապատասխան սնունդ բերի։ Այն դեպքերում, երբ սննդի չափաբաժինը չի բավարարում այդ կոնտակտավորին, մենք իրեն կրկնակի չափաբաժին ենք տալիս, որովհետեւ այդ մարդը շատ սննդի կարիք ունի։ Այսինքն՝ բոլոր առումներով փորձում ենք բավարարել նրանց պահանջմունքները։ Լինում է, որ մեզնից խաղեր են ուզում, փորձում ենք գտնել այդ խաղերը, փորձում ենք նրանց ժամանցն ինչ-որ ձեւով կազմակերպել, փորձում ենք ուրախացնել։
Կարդացեք նաև
– Մենք տեղեկություն ստացանք, որ մեկուսարաններից մեկում քաղաքացին նույնիսկ դանակով սպառնացել է աշխատակիցներին մեկին, քանի որ պետք է մասնակցեր իր կնոջ թաղմանը։ Այս դեպքի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել։
– Նման եզակի դեպքեր ունենում ենք, եւ մեր կամավորների եւ ոստիկանների համատեղ աշխատանքի արդյունքում բացատրական աշխատանք է կատարվել ողջ գիշեր այդ քաղաքացու հետ, որը Հայաստան էր ժամանել անձնական խնդրով։ Հաջորդ օրը նրա խնդիրը կարգավորվել է, ինչին մեր թիմն ի սկզբանե պատրաստակամ է եղել կարգավորելու, եւ քաղաքացին հնարավորինս հանդարտվել է։ Ցանկացած նման իրավիճակում մենք փորձում ենք խնդիրը լուծել ի շահ կոնտակտավորի՝ չխախտելով մեկուսարանի ներքին կանոններն ու արտակարգ իրավիճակի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը։
– Մենք տեղեկացանք, որ հյուրանոցներից մեկից նաեւ փախուստի փորձեր են կատարվել։
– Այդ անձը հաշվառված է նարկոլոգիական դիսպանսերում, հսկվում է դիսպանսերի մեր կոլեգաների կողմից, որոնք պարբերաբար այցելում են նրան։ Հաշվի առնելով նրա՝ բացի կոնտակտավոր, նաեւ պացիենտ լինելու առանձնահատկությունը, փորձել էր խախտել կարանտինային զոնայի պահանջները, դուրս նետվել կարանտինային զոնայի մուտքից, սակայն մեր 2 բժիշկներն արագ դուրս էին վազել, նրան կանգնեցրել էին, բերել հետ եւ բացատրական աշխատանքներ կատարել։ Մենք կրկին հրավիրեցինք մեր կոլեգաներին՝ նրա նկատմամբ նեղ մասնագիտական հավելյալ լուծումներ տալու համար։ Բոլոր առաջացած խնդիրները, որոնք ֆորսմաժորային են եւ կանխատեսելի չեն, մեր թիմն ունակ է որակյալ կերպով, ի շահ կոնտակտավորի լուծելու, ի շահ նրա եւ մեր հասարակության առողջության։ Երեւանի կարանտինի զոնաներ ժամանող ցանկացած քաղաքացու հետ ես անձամբ շփվում եմ, փորձում եմ կազմակերպել ինձ հետ կապի հնարավորություն, որ որեւէ մեկը չլուծված խնդիր ունենալու դեպքում կապվի ինձ հետ։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: