«Պատրա՞ստ եք կոշտ տեսակետ հայտնելու եւ ընդդիմախոսելու կառավարությանը»,-ԱԺ այսօրվա նիստում կենտրոնական բանկի նախագահի թեկնածուին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ նկատի ունենալով կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակը:
ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
Նա նշեց. «Հայտնի է, որ ԿԲ-ն անկախ կառույց է, եւ ոչ մի բանով կաշկանդված չենք: Միակ բանը, որ մեզ երբեւէ կաշկանդում է, դա քաղաքացիների երկարաժամկետ բարեկեցության հարցն է»:
Մարտին Գալստյանի խոսքով. «Եթե կլինի խնդիր, որտեղ պետք է ընդդիմանանք կառավարության որոշումներին, որոնք կարող են ստեղծել երկարաժամկետ խնդիրներ, միանշանակ, կընդդիմանանք: Այս պահին կառավարության հետ վերջինիս ծրագրերի առնչությամբ աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, նաեւ բանկերի հետ, բայց կենտրոնացած ենք ոչ միայն առկա խնդիրները լուծելու վրա, այլեւ հնարավոր հետեւանքների: Գիտակցում ենք, որ մենք ենք պատասխանատու ֆինանսական կայունության համար եւ չկա մի համաձայնություն, որին մենք կդիմենք՝ վտանգելով մեր քաղաքացիների խնայողությունները»:
Կարդացեք նաև
ԿԲ նախագահի թեկնածուն շեշտեց՝ որոշ երկրներում արդեն խնդիր կա, որովհետեւ բանկերի առաջարկած վարկերի տոկոսադրույքներն ամբողջությամբ զրոյացվել են, իսկ ՀՀ-ում նման խնդիր այս պահին չկա. «Չունենք նաեւ ֆինանսական կայունության խնդիր, ուստի արտակարգ դրության ընթացքում ԿԲ մանդատի ընդլայնման մասին խոսելը վաղ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ