Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացի անկրթության բաղադրիչից, սա նաև քաղաքական սխալ հաշվարկների հետևանք է». «Փաստ»

Ապրիլ 16,2020 12:15

Իշխանական այս թիմն իրականացնում է քաղաքական այն ծրագրերը, որոնց համար պայքարել է բավականին վաղուց, անգամ այն ժամանակ, երբ ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն էին: Բոլոր այն թիրախները, որոնք այսօր առկա են իրենց գործունեության մեջ, այն ժամանակ ևս եղել են: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ըստ իս, իշխանության գալու գաղափարական հենքերից մեկն էլ եղել է ավանդական, հոգևոր և այլ արժեքների ազդեցության նվազեցումը՝ հանրային հենքի վրա: Այդ մարդիկ տարիներ շարունակ և հետևողականորեն նույն քաղաքականությունն են իրականացրել:

Պայքարել են եկեղեցու, պետական ինստիտուտների, ընտանեկան արժեքների դեմ: Այդ ամենին հասնելու համար փորձել են օրենքներ ներմուծել, նաև տարբեր լոբբիստական աշխատանքներ են իրականացրել: Եվ հիմա, երբ նման քաղաքականություն ունեցող թիմն արդեն իշխանություն է, բնականաբար, այդ ամենն իրականացնում է՝ ներառելով նաև պետական ռեսուրսները: Դրա համար բարձրագույն պետական պաշտոնյաները չեն խորշում բացահայտ խոսել, օրինակ, Վեհափառ փոխելու անհրաժեշտության մասին: Այս տեսակետից, կարծում եմ, իշխանությունն անում է այն, ինչին կոչված էր, ինչին ձգտում էր վաղուց»,-ընդգծեց քաղաքագետը:

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը դրական միտում է արձանագրել հանրային ընկալումների դաշտում. «Հիմա իրավիճակ է փոխվել. վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ հարձակումները անհետևանք չեն մնում: Համենայն դեպս, եթե խոսենք սոցիալական ցանցերի սեգմենտի մասին, ապա ակնհայտ էր, որ մարդկանց բացարձակ մեծամասնությունը, մեղմ ասած, չի ողջունում իշխանությունների այդ մոտեցումները:

Նման գործելաոճով, նման բառապաշարով իշխանություններն իրենց դեմ են տրամադրում ժողովրդի մտածող, ինտելեկտուալ հատվածին, ինչն անհետևանք չի մնալու: Ուշ թե շուտ իրենք ստիպված են լինելու տեղի տալ, այլ տարբերակ հնարավոր չէ»,-ընդգծեց քաղաքագետը՝ նշելով, որ իշխանությունները անգամ կոչերի մեջ են գործոններ տեսնում, որոնք հանգեցնում են այնպիսի ռեակցիայի, ինչպիսին եղավ Վեհափառի կոչի շուրջ:

«Բացի անկրթության բաղադրիչից, սա նաև քաղաքական սխալ հաշվարկների հետևանք է: Նյարդայնության առիթ են տալիս նաև լրացուցիչ դժվարությունները, այն իրավիճակը, որում հայտնվել են իշխանությունները: Այս ամենի հետևանքով, ի վերջո, սկսում են թուլության նշաններ ցուցաբերել»,- եզրափակեց Հ. Մելիք- Շահնազարյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930