«Ոստիկանությունը մեր երկրում կարեւոր ինստիտուտներից մեկն է, նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ընդհուպ՝ տնտեսական եւ քաղաքական ազատությունների պահպանման եւ կիրառելիության մակարդակը»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Հայաստանի ոստիկաններին՝ Ոստիկանության օրվա առիթով:
«Պետք է խոստովանել, որ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության եւ հանրության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել, դրանք ունեցել են բազմաթիվ բարդություններ, նույնիսկ, ճգնաժամեր եւ այսօր մեր խնդիրն է հաստատել լիարժեք փոխվստահություն եւ լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ եւ դա մեր օրակարգի կարեւոր խնդիրներից է»,-ասաց վարչապետը:
Ըստ նրա, երկար ժամանակ է քննարկում են ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ ապրիլի 1-ից պետք է սկսեին գործողություններ այդ ուղղությամբ, սակայն համաճարակի պատճառով հետաձգվել է. «Ոստիկանությունը շարունակում է մնալ մեր օրակարգի կարեւոր առաջնահերթություններից մեկը, այդ օրակարգում երկու կարեւոր հենասյուն կա. Առաջինը՝ հանրության լիարժեք վստահությունը ոստիկանության նկատմամբ եւ երկրորդ՝ ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը: Նաեւ կարեւոր է ոստիկանության իմիջի՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստով բարեփոխումը: Ոստիկանությունը պետք է փոխվի եւ պետք է փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին, պայմաններին եւ այն հավակնություններին, որ այսօր մեր պետությունը, ժողովուրդը ձեւակերպում է»:
Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն ոստիկանների հիշատակը, որոնք զոհվել են Հայաստանի հանրապետության օրենքն, իրավունքը, իրավակարգը պաշտպանելիս:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ