«Ծայրահեղ աղքատության պատճառով բանկերը հաճախ դառնում են աղքատությունը ֆինանսավորողներ: Մարդիկ, չունենալով հնարավորություն տնտեսությունում կայանալու, դիմում են բանկերին, ֆանտաստիկ մեծ տոկոսներով եւ բարձր ռիսկայնությամբ վարկեր վերցնում, ինչն էլ խորացնում է աղքատությունը: Մեզ դիմող քաղաքացիների երեք առաջնահերթ հարցերի թվում վարկերն են: Հասկանում եմ, որ հարցի լուծումն ամբողջությամբ ԿԲ տիրույթում չէ, բայց դուք ինչպիսի՞ տեսլական ունեք»,-ԱԺ այսօրվա նիստում կենտրոնական բանկի նախագահի թեկնածուին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
Գալստյանը շեշտեց՝ կարեւոր է քաղաքացիների ֆինանսական կրթության մակարդակը եւ պատասխանատվության գիտակցումը. «Իմ տեսլականում ֆինանսական կրթության մասն առաջնահերթություններում է: Ինչ վերաբերում է տոկոսներին, ապա բանկային համակարգում արդյունավետ տոկոսադրույքը չի գերազանցում 24%-ը: Այս պահին, եթե չեմ սխալվում, այդ տոկոսադրույքը մոտ է 20-ին, իսկ բիզնես վարկերի մեծամասնությունը, որը կայացած եւ թափանցիկ բիզնեսին է վերաբերում, ավելի ցածր տոկոսադրույք ունի: Երեւի շատ անելիք ունենք, որպեսզի բանկի կողմից վարկի տրամադրման ռիսկերը զսպվեն ու տոկոսները լինեն շատ ավելի ցածր: Վերջին տասը տարում տրամադրված վարկերի տոկոսադրույքը նվազել է: Տոկոսադրույքի հիմնական բաղադրիչը ավանդի տոկոսն է: Այսինքն, պետք է հասկանանք, որ խնդիրը երկակի է: Իմ կարծիքով՝ ձեր հարցի լուծումն են ֆինանսական գրագիտության ավելացումը, ֆինանսական հասանելիության ապահովումը եւ բիզնես դաշտի լիարժեք թափանցիկությունը»:
Ենգիբարյանը նկատեց՝ բանկերը պետք է պատրաստ լինեն այն հանգամանքին, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն ֆինանսական գրագիտություն՝ ֆինանսական փաթեթ ստորագրելուց առաջ: Գալստյանը նշեց. «Սպառողների պաշտպանության հարցում շատ փոփոխություններ են արվել: Բարդացնելով բանկերի կյանքը՝ ԿԲ-ն որոշումներ է կայացրել, որ ամեն սպառող պետք է իմանա ու ստորագրի, որ ինքը գիտի իր վարկի փաստացի տոկոսադրույքի մասին: Դա պետք է լինի պայմանագրի առաջին էջում, տեսանելի: Իհարկե, մեծ աշխատանք կա անելու, բայց նպատակը ոչ թե մարդկանց մոլորեցնելն է եւ վարկ վաճառելը, այլ գիտակցումը, որ մարդուն վարկ տալով՝ նրա համար հնարավորություն ենք ստեղծում ինչ-որ բան անելու»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ