Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց սա է բարեգործությունը». տեխնիկայի եւ ինտերնետ կապի խնդիրը լուծված է

Ապրիլ 16,2020 13:30

Նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հանրակրթական բոլոր հաստատություններում անցկացվում է հեռավար ուսուցում։ Այն իրականացնելու համար պահանջվում են տեխնիկական հնարավորություններ, ինչին, սակայն, դեռեւս անհաղորդ են շատերը։ Դժվարություններն առաջանում են հիմնականում տեխնիկայի եւ ինտերնետ կապի անհասանելիության պատճառով։  Համապատասխան սարքավորումներ չունենալու պատճառով շատերը չեն կարողանում մասնակցել հեռավար դասընթացներին։

Հեռավար ուսուցման բարելավման եւ վերոնշյալ խնդիրներից խուսափելու նպատակով Երեւանի համար 87 միջնակարգ դպրոցը ապրիլի 9-ին եւ 10-ին շուրջ 25 աշակերտների եւ ուսուցիչների հանձնեց ամբողջովին նոր պլանշետներ։

Դպրոցի տնօրենի հաղորդմամբ՝ պլանշետները դպրոցին նվիրաբերել է ամերիկահայ բարերար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Այնթափլյանը. «Արդեն ունեինք տեխնիկայի եւ ինտերնետ կապի հասանելիության խնդիրներ ունեցող աշակերտների եւ ուսուցիչների ցուցակ։ Մտածում էինք՝ ինչպես օգնել, եւ պատահական ստացանք զանգ բարերարից, որը հետաքրքրվում էր մեր դպրոցում հեռավար կրթության կազմակերպման գործընթացից, առկա խնդիրներից եւ հայտնեց իր մտադրությունն ու ցանկությունը՝ դպրոցին նվիրաբերելու համապատասխան տեխնիկա, որն ավելի կբարելավի հեռավար կրթության իրականացումը. մի քանի օրից դպրոցը ստացավ ինտերնետային կապով ապահովված 25 նոր պլանշետ»։

«Հենց սա է բարեգործությունը»,- ասաց դպրոցի տնօրենը՝ ուսուցչական, աշակերտական եւ ծնողական համակազմերի անունից շնորհակալություն հայտնելով  բարերարին՝ հայրենանվեր գործունեության համար։

Աշակերտները դպրոց էին եկել ծնողների ուղեկցությամբ, որոնցից յուրաքանչյուրը հայտնեց իր գոհունակությունն ու շնորհակալությունը նման նախաձեռնության համար: «Բավական դժվար էր երեք երեխաներիս հետ միեւնույն հեռախոսով աշխատելը, դասընթացներին մասնակցելը, այժմ պլանշետի առկայությամբ հեռավար դասերն ավելի արդյունավետ եւ մատչելի կլինեն»,- ուրախությամբ նշեց ծնողներից մեկը։

Սարքավորումները ստանալուց անմիջապես հետո դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհին աշակերտներին օգնում էր ներբեռնել հեռավար ուսուցման համար պահանջվող հավելվածներն ու ծրագրերը եւ տալիս էր տեխնիկական այլ ցուցումներ։

Նշեմ, որ այս ամբողջ գործընթացը կազմակերպված էր պարետի սահմանած կանոնների խիստ պահպանմամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, որի ընթացքում դադարեցվել է պետական, համայնքային եւ ոչ պետական բոլոր տիպի ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը՝ բացառությամբ հեռավար ուսուցման։

Անուշիկ ՅՈԼՉԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930