Լրահոս
Օրվա լրահոսը

«Թումանյանը՝ քննադատ»

Ապրիլ 16,2020 13:00

Գրախոսության փոխարեն

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը այս դժվարին օրերին լույս է ընծայել Ամենայն հայոց բանաստեղծի քննադատական բնույթի հոդվածների, ելույթների, զեկուցումների, նամակների ժողովածուն։ Թերեւս սա պետք է նախ եւ առաջ վերահրատարակություն համարել, քանի որ գրքի առաջին հատվածը լույս է տեսել 1939 թվականին՝ Թումանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ։ Այն ժամանակ դեռ համակարգված չէր Թումանյանի ողջ գրական ժառանգությունը։ Դրան ձեռնամուխ էր եղել Թումանյանի դուստրը՝ Նվարդը, եւ նա ցանկացավ, որ մեծ բանաստեղծի գրական ժառանգությանը զուգահեռ ընթերցողին հասնի Թումանյանի քննադատական միտքը։ Այնուհետեւ թումանյանական ժողովածուների եւ հատորների ֆոնին մոռացվեց այս հետաքրքիր հավաքածուն, ուր թումանյանական աշխարհը յուրովի է բացահայտվում, քանի որ միշտ մեծ լոռեցու կողքին գտնված նրա դուստրը ժամանակագրական կարգով ներկայացրել էր ընթերցողին Թումանյանի քննադատությունը։ Հետո այնպես էր ստացվել, որ այն մոռացության էր մատնվել։ Իսկ երբ Թումանյանի 150-ամյա հոբելյանից առաջ Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հետ քննարկում էինք հնարավոր նոր հրատարակությունները, նա լուռ ինձ մեկնեց 80 տարի առաջ լույս տեսած գիրքը, ուր ամփոփված էին թումանյանական քննադական մտքի մասունքները։ Փոխադարձ լռությունը նշանակում էր, որ գիրքը պետք է վերահրատարակվի, բայց գուցե որոշ հավելումներով, որը ժամանակին չէր հասցրել անել Նվարդ Թումանյանը։

Ահա եւ երկարատեւ աշխատանքից՝ ճշգրտումներից ու հստակեցումներից հետո տպագրված է «Թումանյանը՝ քննադատ» գիրքը։ Գիրքը կարծես ընթերցվում է ինչպես գեղարվեստական գրականությունը, որի էջերում կյանքի եւ իրականության խոր գիտակի ու մտահոգ մարդու մտքերն ու խոհերն են. «…Զարմանալի ժողովուրդ ենք մենք։ Հայոց բանաստեղծին ավելի ազդում, վշտացնում է այն, թե ինչու են սեւ ամպեր կուտակվել Մասիսի ձյունափառ գագաթին եւ նա շատ քիչ է նկատում կենդանի հայ գյուղացու ճակատի սեւ ամպերը։ Հայոց հայրենասերն Արտազը, Տարոնը ավելի է սիրում, քան Արտազում եւ Տարոնում ապրող ժողովուրդը»։ Նոր-նոր գրական աշխարհ մտած Հովհաննես Թումանյանը մտահոգվում է իրեն շրջապատող աշխարհով. «Երկիր ունենք՝ չենք ճանաչում, պատմություն ունենք՝ չենք ճանաչում, ժողովուրդ ունենք՝ չենք ճանաչում, գրականություն ունենք՝ չենք ճանաչում, լեզու ունենք՝ չենք իմանում»։ Թումանյանը անտարբեր չէր ինչպես հասարակական զարգացումների, այնպես էլ մշակույթի խնդիրներով։ Օրինակ, նա կարող էր խորհուրդ տալ գավառական մամուլին («Մեծ իրավունք տվեք բարբառներին, նրանց բառերին, ոճերին ու ձեւերին») կամ գնահատական արտահայտել գրական լեզվի մասին («Ամեն մի գրող գրական լեզուն զարգացնելու գործի վրա է եւ միշտ կարիք է զգում նորանոր ոճերի, դարձվածքների ու բառերի»)։ Թումանյանը այն գրողն է, որ ժամանակ էր գտնում գնահատելու ինչպես մեր գրական ազգային արժեքները կրողներին, այնպես էլ այն գործիչներին, ովքեր իրենց համամարդկային արժեքները թողել են մարդկությանը։

Այս առումով միշտ նրա բարձր գնահատանքի կիզակետում են Խաչատուր Աբովյանը, Հովնաթանյանները, Սայաթ-Նովան, Նալբանդյանը, Սունդուկյանը, Աղայանը, Շիրվանզադեն եւ իր ժամանակի շատ սկսնակ բանաստեղծներ։ Օրինակ, Սայաթ-Նովայի հետ կապված գրում է. «Այժմ ուրիշ է ժամանակը, մարդիկ աչքերը բացել են, հիմա Սայաթ-Նովան կկենդանանա մեր ժողովրդի հոգում եւ էլ չի մոռացվի»։ Թումանյանը համաշխարհային գրականության գիտակ էր եւ ուզում էր, որ այդ արժեքային համակարգը օգտակար լինի հայկական իրականությանը։ Մասնավորապես նա ինքնատիպ դիտարկումներ ունի Շեքսպիրի, Սերվանտեսի, Պուշկինի, Տոլստոյի, Լերմոնտովի, Ռուսթավելու եւ այլ վրաց գրողների ստեղծագործական ժառանգության հետ կապված։ Ինչպես ներկայացվող տարբեր ժանրերի եւ ձեւաչափերի նյութերն են վկայում, մեծն Թումանյանը գրական աշխարհի զարգացման գործում ոչինչ երկրորդական չէր համարում, քանի որ շատ ածանցյալ խնդիրներ անմիջական առնչություն ունեին հիմնականին։ Եվ պատահական չէր, որ նա մտահոգ էր հայոց պատմության արժեւորման, հայագիտության ազգային ֆոնդի, դասագրքերի բարեփոխումների, հայագիտության առաջընթացի, ազգագրության, թատրոնի եւ իհարկե՝ բուն գրականության խնդիրներով։

Գնահատելով հայ գրականության վիճակը, նա գրում է. «Բանաստեղծի ոտը հարազատ եւ իրական հողի վրա պետք է լինի, նրանից հետո միայն կարող է բարձրանալ, թեկուզ գլուխը մինչեւ երկինք հասնի»։ Թումանյանը ուշադիր էր նոր գրական սերնդի նկատմամբ եւ անհրաժեշտ էր համարում նրանց կողքին լինելու, պատգամում մոտ լինելու ժողովրդին: Նա իր ելույթներից մեկը վերնագրել է «Խոսք սկսնակ բանաստեղծներին», ուր հետեւյալ դիտարկումն ունի. «Բարով գնաք դեպի մեր ժողովուրդն ու աշխարհը, վշտերի, չարիքների ու կարիքների աշխարհը ձեր թարմ ու անկեղծ երգերով, կյանքի լավագույն ձայներով մարդկանց հրապուրելու դեպի ճշմարիտն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը»։ Թումանյանական քննադական մտքի փայլատակումները դրսեւորվել են նաեւ նրա նամակագրության ընթացքում իր բարեկամներին եւ գրչակիցներին՝ Ղ. Աղայանին, Արամ Նազարեթյանին, բժ. Ար. Զարգարյանին, Փիլիպոս Վարդազարյանին, Արսեն Ղլջյանին, Մարիամ Թումանյանին եւ այլոց։ Մասնավորապես՝ Մարիամ Թումանյանին 1899 թվականի հունիսի 24-ին գրում է Դսեղից. «Ամեն մի ազգի բանաստեղծություն ժողովրդական լեգենդներով, ազգային ոգու ստեղծագործություններով է զորանում ու ինքնուրույնության կնիք առնում, հաստատվում, առաջ գալիս, որպես մի ամբողջ ժողովրդի խոսք եւ դրանով էլ դառնում պատկառելի»։ Ընդհանրապես թումանյանական քննադատությունում ու հրապարակախոսությունում միշտ գերական հայրենիքն է ու հայրենապաշտությունը, առանց որի նա չի տեսնում եւ ոչ մի զարգացում։ Հանդես գալով Հայաստանի օգնության կոմիտեում, նա կոչ է անում շտապ օգնել Հայաստանին. «Լսիր քեզ կանչող հայրենիքի ձայնը եւ շտապիր օգնության ամեն բանով, ինչով կարող ես, որ ունենաս էն, ինչ-որ երազել ես դարերով՝ ազատ ու շեն հայրենիք»։

Բուն ժողովածուի ոգուն համաձայն Թումանյանի թոռնուհին՝ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը համապատասխան հավելումներ է կատարել, որոնք ամենատարբեր պատճառներով չէին կարող տեղ գտնել 1939 թվականին հրատարակված գրքում։ Իրմա Սաֆրազբեկյանը գրքում ավելացրել է նաեւ հատվածներ Նվարդ Թումանյանի «Հուշեր եւ զրույցներ» գրքից, ուր ուշագրավ դիտարկումներ կան թումանյանական քննադատությունից։ Այստեղ պետք է նկատել, որ Նվարդ Թումանյանը 1914 թվականի հոկտեմբերի 2-ից մինչեւ հոր մահը ուշագրավ գրառումներ ու դիտարկումներ է կատարել եւ փոխանցել սերունդներին։

«Փաստորեն, Նվարդ Թումանյանն է սկիզբ դրել թումանյանագիտությանը, կարգավորել հոր արխիվը, տպագրության պատրաստել գրական ժառանգությունը,- մեզ հետ զրույցում ասում է Իրմա Սաֆրազբեկյանը,-Նվարդը զբաղվում էր հայ-ռուսական գրական կապերով եւ մեծ դերակատարություն է ունեցել Թումանյանի գրական ժառանգությունը բարձրակարգ ռուսերենով թարգմանության գործում։ Առիթը ուզում եմ օգտագործել եւ ընդգծել, որ գիրքը տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, իսկ տպագրությունը իրականացրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, որի ղեկավար Մկրտիչ Կարապետյանի համար պատվի եւ արժանապատվության խնդիր է Թումանյանի գրական ժառանգությունը տպագրական բարձր մակարդակով ներկայացնել ընթերցողին»։ Ամփոփելով ասենք, որ «Թումանյանը՝ քննադատ» գիրքը մի հետաքրքիր եւ ինքնատիպ պատուհան է դեպի թումանյանական աշխարհ։

 Սերգո ԵՐԻՑՅԱՆ

 «Լոռվա ձոր» հայրենակցական

միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
15.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930