Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիացիները լուրջ են վերաբերվում ինքնամեկուսացմանը, հայերի նման բլոտ ու սեկա չեն խաղում»

Ապրիլ 16,2020 15:00

Ֆրանսիայում ապրող մեր հայրենակցուհու դիտարկումները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հայկական ու ֆրանսիական մոտեցումների մասին

Օրերս ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ եվրոպական մի շարք երկրներ է զանգել ու ճշտումներ արել հանրային տրանսպորտի սահմանափակումներից: Նա պնդում էր, որ տաքսու մեջ ավելի շուտ կվարակվեն մարդիկ, քան հանրային տրանսպորտում, օրինակ, մետրոյում:

«Առավոտը» այս եւ այլ սահմանափակումների մասին զրուցեց Ֆրանսիայում ապրող մեր հայրենակցուհի Հայարփի Հովհաննիսյանի հետ:

Նա ասաց. «Բորդոյում, որտեղ ես ապրում եմ, հանրային տրանսպորտ ընդհանրապես չի գործում, մարդիկ տեղաշարժվում են խիստ անհրաժեշտության դեպքում միայն՝ իրենց սեփական մեքենաներով: Տաքսիներով էլ կարող են, եթե ապահովված են բոլոր անհրաժեշտ միջոցներով: Տրամվայների տեղում ամայի տարածություն է, փողոցներն էլ դատարկ են»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ տեսաուղերձով հանդես եկավ եւ առաջին անգամ կոնկրետ օր նշեց, թե երբ են երկրում սահմանափակումները թուլացվելու: Մայիսի 11-ից սկսելու են գործել դպրոցներն ու մանկապարտեզները եւ որոշ հաստատություններ, բայց խոսքը ինքնամեկուսացման ռեժիմից ամբողջովին դուրս գալու մասին չէ, ամեն ինչ պետք է անեն փուլ առ փուլ՝ աստիճանաբար, ինչպես որ Հայաստանում: Ֆրանսիայում մայիսի 11-ից հետո էլ փակ կմնան սննդի օբյեկտները, ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները, մերսման սրահները եւ այլ մանր բիզնեսներ, որոնք հանրության հետ են շփվում:

Հայարփիի խոսքով՝ ի տարբերություն հայերի, Ֆրանսիայի հանրությունը ինքնամեկուսացումն ու այս սահմանափակումները ծանր է տանում ավելի շատ կրթական ոլորտի հետ կապված: Իրենք շատ են անհանգստանում այն փաստից, որ երեխաները դպրոց չեն գնում. «Օնլայն դասընթացներ կան, բայց ֆրանսիացիներն այդ հարցում «պանիկյոր» ժողովուրդ են»:

Հայարփի Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ Հայաստանի հետ համեմատած՝ Ֆրանսիայում հարգում են սահմանված ռեժիմը ու լուրջ են մոտենում իրավիճակին, ոչ թե նստում են բակերում ու ինքնամեկուսացման անվան տակ բլոտ ու «սեկա» խաղում. «Ոչ մեկի տուն գնալ-գալ չկա, Զատիկը ճոխ նշել չկա, գտնում են, որ ուտել-խմելով չեն Զատիկ նշում, հավաքույթներ չկան: Այստեղ այնպիսի փառատոներ են չեղարկվել, որ մարդիկ դա տեսնում են ու հասկանում են՝ Ֆրանսիան ահավոր տուժել է ու իրենցից ամեն մեկը պիտի իր մասնաբաժինը դնի՝ այս իրավիճակից դուրս գալու համար»: Պատահական չի, որ Բորդո քաղաքում արձանագրվել է ընդամենը կորոնավիրուսի 34 դեպք ու մեկ մահվան դեպք է եղել: Ինքնամեկուսացման կանոնների խախտման համար Ֆրանսիայում տուգանում են 135 եվրո-ով:

Խոսելով տնտեսական իրավիճակի ու սոցիալական աջակցության փաթեթների մասին՝ հարցրեցինք՝ Ֆրանսիայում գնաճ չի՞ նկատվում, ո՞ր ապրանքների գներն են բարձրացրել: Հայարփին պատասխանեց. «Ոչինչ չի թանկացել, մի բան էլ էժանացել է, օրինակ, բենզինի գինն է ահագին իջել: Աճել են օնլայն գնումների ծառայությունների գները միայն՝ պահանջարկով պայմանավորված»: Հայարփին պատմում է, թե համաճարակի տարածման ու արտակարգ իրավիճակի առաջին օրերին ինչ խուճապ էր տիրում Ֆրանսիայում: Բնակիչները ամբողջությամբ «սրբում» էին խանութների մակարոնեղենի, ալյուրի բաժինները, շաքարի, զուգարանի թղթի վաճառասեղանները դատարկ էին: Չէին կողմնորոշվում ինչ գնել ու ինչքան (լուսանկարում պատկերվածը Ֆրանսիայի Leclerc, Lidl խանութներից է):

Հայարփի Հովհաննիսյանը վստահեցրեց՝ այնպես չի, որ Մակրոնի առաջարկած սոցաջակցության ծրագրերից բոլորը գոհ են ու բոլոր խավերն օգտվում են. «Հայերին թվում է, թե Մակրոնի խոստումները, որ մարդկանց փոխհատուցում են տալիս, անթերի են: Թարգմանիչները մի քիչ սխալ են թարգմանում ու իր խոսքերը մի քիչ սխալ են հասնում Հայաստան: Հուզիչ պահերը չափազանցրած վերցնում են: Ինքը չի ասել, որ բոլորին օգնություն է տալու ու բոլորն օգտվելու են: Ցածր աշխատավարձի չափ գումար են ստանալու այն մարդիկ, որոնք ստանում էին միջին աշխատավարձ: Մեր ընտանիքը դուրս է բոլոր փաթեթներից: Աղքատ խավը չի օգտվելու, որովհետեւ նպաստի հույսին են ու պետությունն առանց այդ էլ իրենց նպաստները տալիս է: Մի քիչ կօգտվեն կոմունալ վճարումների զիջումներից: Իսկ միջին խավը, այն ընտանիքները, որտեղ երկու հոգի աշխատում էին, իրենց միակ օգուտն այն է լինում, որ աշխատավարձը ստանալու են՝ տանից աշխատելով»:

Լավն այն է, որ Ֆրանսիայում քաղաքապետարանները ձեռք են բերում մեծ քանակությամբ բժշկական դիմակներ, որ մարդկանց անվճար բաժանեն ու դուրս գալու դեպքում մարդիկ անպայման կրեն դիմակներ:

Հայարփին փետրվար-մարտ ամիսներին եղել է Իտալիայում, Հայաստանում, այնուհետեւ հասել Ֆրանսիա. «Բոլորը, ովքեր Հայաստանից էին եկել, զարմացած էին, ասում էին՝ Հայաստանը լուրջ պատրաստված է կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Դա փետրվարի 22-ին էր դեռ:  Ես ու մի հայ աղջիկ էինք, որ Հայաստանից վերադառնալուց հետո դիմակով էինք, իսկ Հայաստանում չէին թողնում, ասում էինք՝ մալադեց Հայաստանին, հպարտանում էինք հայերով: Իսկ թե հետո ինչու այդ պատկերը եղավ այդտեղ, այդքան վարակվածներ, անհասկանալի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930