Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեմն փակ դռները, բոլորովին դատարկ փողոցները, մետրոն ճնշում են, եւ աշխարհում ամենաշատն ուզում եմ լինել Երեւանում՝ իմ արվեստանոցում»

Ապրիլ 16,2020 14:30

Հարցազրույց Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադիր, գեղանկարիչ Մարիամ Մուղդուսյանի հետ

– «Կանադայում ամենաշատը կարոտում եմ երեւանյան բակերում երեւացող էն հոգատար, հերթով՝ մեծից փոքր փռած լվացքներին, իսկ օրերս վառված սուրճի հոտն ինձ տարավ Երեւան։ Փաստորեն, Երեւանն ինձ համար սուրճի հոտ ունի ու գունավոր-գունավոր լվացքների տեսք, կամ կարոտը դրսեւորվում է մանրուքներում»: Քո ֆեյսբուքյան գրառումից շատերը տեղեկացան, որ դու Կանադայում ես: Մարիամ, երբվանի՞ց ես այնտեղ:

– Մեկ ամիս է, ինչ Կանադայում եմ, եւ առաժմ, պայմանավորված իրավիճակով, չեմ կարող հետ գալ:

– Դու մի անգամ էլ ես եղել Կանադայում: Ինչպիսի՞ն էր այն մինչ համավարակը:

– Կարծում եմ, աշխարհի գրեթե բոլոր երկրներն այլ ռիթմ ու տեմպ ունեին մինչ համավարակը, կյանքն ասես մեռած լինի: Հեռավորության մեջ գտնվելով` ավելի ընդգծված եմ տեսնում իրավիճակով պայմանավորված կանադական այս քաղաքի առօրյան. փողոցներում չես տեսնի մարդկանց, հատկապես, երբ քամի է լինում, սուպերմարկետները հերթով են, հանրային վայրերից հանել են կամ «փակել» նստարանները, երեխաների ժամանցի համար նախատեսված սղարանները, ճոճարանները: Ողջ իրավիճակը հիշեցնում է ապոկալիպսիսի մասին մի ֆիլմ, թեեւ կանադացիներն, իմ ընկալմամբ, բարյացակամ, հանգիստ բնավորություն ունեն, ու խուճապային տրամադրություններ առանձնապես չեմ նկատում, չեմ զգում։

– Կանադայում հայտնի է բանաստեղծ, վիպասան, էսսեիստ, գյուտարար, բնապահպան ակտիվիստ Մարգարեթ Աթվուդը: Նա ունի տասնվեց վեպ, տասը վավերագրական գիրք, ութ պատմվածքների ժողովածու, նույնքան  մանկական գիրք, մեկ գրաֆիկական վեպ, ինչպես նաեւ պոեզիայի եւ գեղարվեստական գրականության փոքրիկ մամուլային հրապարակումներ:

Բայց  Աթվուդը առավել հայտնի է նրանով, որ ստեղծել է ԼոնգՓենը` իր հարակից տեխնոլոգիաներով, որն ավելի հեշտացրել է փաստաթղթերի հեռակառավարվող ռոբոտացված կազմման գործընթացը: Ասել կուզի, այս հեռահար ընթացքի մեջ, կանադացիները կարծես հաղորդակցման, շփման խնդիրներ չունեն: Ինչպիսի՞ն են նրանց շփումները, եւ սահմանափակումները:

– Կանադան շատ բազմաշերտ հասարակություն ունի, եւ մարդիկ տարբեր մակարդակներ ունեն շփման՝ ելնելով իրենց ազգային, մշակութային առանձնահատկություններից։ Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, համակարգը դեռեւս գործում է հեռահար հաղորդակցման պայմաններում, իհարկե, զուգահեռաբար մեծանում է նաեւ գործազրկության մակարդակը (7,8%)։ Խնդիրներն ամենուրեք նույնն են այս իմաստով, միաժամանակ, կարելի է հասկանալ, որ համավարակին որեւէ պետություն պատրաստ չէր, եւ որքան էլ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացած լինեն, միեւնույն է, համավարակն այնպիսի բան է, որին հնարավոր չէ ամբողջովին դիմակայել, աշխարհը դեռեւս այդքան թվային չէ։

Աշխարհը փոփոխվում է, եւ մարդիկ ուզած-չուզած հարմարվում են նաեւ սահմանափակումներին, քանի որ այլ տարբերակ չկա։ Սահմանափակումներն իրականում բավականին շատ են. փակ են սրճարանները, բոլոր ժամանցի վայրերը, խանութները, առեւտրի կենտրոնները հերթով ու միայն սոցիալական հեռավորության պայմաններում են գործում…

Հաշվի առնելով, որ եղանակը նաեւ տաք չէ (թեեւ տեղացիների համար ցուրտ չէ), իսկական ժամանակն է կարդալ, նաեւ դիտել Մարգարեթ Աթվուդի գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերից, հատկապես, որ նրա Handmaid՚s tale-ը շատ հայտնի է:

– Պատմիր քեզնից: Դու կենտրոնիդ համար այս օրերին նաեւ դասեր ես տալիս, ինչպե՞ս ես հասցնում:

– Ճիշտն ասած, ուրիշ տարբերակ չունեմ: Մեր կենտրոն են հաճախում բազմաթիվ երեխաներ, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող, եւ որոշեցի տեսադասեր անել՝ ինչ-որ չափով նրանց առօրյան լցնելու համար։ Պատանիների ու երիտասարդների համար նույնպես դասեր կլինեն, պարզապես տեխնիկական առումով ես ինքս ունենում եմ դժվարություններ, շատ բան ինքս էլ սովորում եմ։ Կենտրոնը ինձ համար խիստ կարեւորության է, եւ մեր բոլորիս անաշխատունակ վիճակը վտանգում է նաեւ կենտրոնի գործունեությունը, դրա համար էլ շատ ակտիվ կերպով փորձում ենք թույլ չտալ, որ գոնե օնլայն տիրույթում իրավիճակն ազդի գործունեության վրա։ Նաիրյան վոկալ անսամբլը նույնպես շարունակում է օնլայն ինչ-որ տեսանյութեր անել, իհարկե, դեռ ամբողջությամբ իրավիճակին չենք հարմարվել։

Հասցնում եմ նույնիսկ դժվարությամբ, քանի որ նաեւ շատ ինտենսիվ նկարում եմ, հոդվածներ գրում, ընթերցում։

– Դու ինքդ ես ասում, թե հատուկ կարիքներ ունեցող երեխաներ են հաճախում Մուղդուսյան արվեստի կենտրոն: Օնլայն տիրույթում կարողանո՞ւմ են, ունե՞ն տեխնիկական միջոցներ հետեւելու հեռավար դասերին:

– Մեզ մոտ կրթությունը ներառական է, հաճախում են նաեւ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներ, բայց, բարեբախտաբար, գրեթե բոլորն ունեն ինտերնետ հասանելիություն եւ տեսադասերի նյութերի մեծ մասը կարելի է տանը գտնել: Այո, հետեւում են ծնողների հետ, եւ ուղարկում են իրենց պատրաստած օրինակները:

– Բայց չպատմեցիր քո այն մի թաքուն աշխարհի մասին: Տեսնում եմ նկարներդ, «ներտնային ցուցահանդեսի» ասես պատրաստվես:

– Գրեթե ամեն օր նկարում եմ, այո, եւ ունենում եմ տպավորություն, որ մի բան էլ չեմ հասցնում։ Իրականում արտակարգ իրավիճակը նկարչի դեպքում կարող է նույնիսկ օգտակար լինել. ողջ ժամանակդ նվիրում ես դրան, ու ոնց էլ չլինի, ցուցադրվելիք նկարներ էլ կստեղծվեն։ Երեւանում ամենօրյա աշխատանքի մեջ շատ հաճախ ժամանակ չեմ ունենում, ֆիզիկապես չեմ հասցնում։ Հեռավորությունը, իրավիճակն ու սոցիալական միջավայրից կտրված լինելն, անշուշտ, ստիպում է ավելի կենտրոնանալ հենց նկարչության, մշակութային նոր գաղափարների վրա։ Վատ չէ այս իմաստով: Թեեւ, այո, երբեմն փակ դռները, բոլորովին դատարկ փողոցները, մետրոն ճնշում են, եւ աշխարհում ամենաշատն ուզում եմ լինել Երեւանում՝ իմ արվեստանոցում։ Այդ պահերը հասկանում ես, որ կարոտը կարող է դրսեւորվել մանրուքներում. վառած սուրճի հոտը քեզ կարող է տեղափոխել վաղ առավոտյան երեւանյան որեւէ բակ, որտեղ  գունավոր լվացքներ կան: Այդ պահերին օտարությունը շատ սուր է լինում, սակայն այդ ապրումներն են, որ հետո կարող են նաեւ նկարչություն դառնալ:

Այստեղ էլ կան շատ խնդիրներ, եւ այս պայմաններում, երբ ավելանում է գործազրկությունը, տեսնում ես՝ մարդիկ ինչ սթրես են տանում. օրավարձով աշխատող կամ պայմանագիր չունեցող աշխատողները կարող են դրսում հայտնվել, եւ սա շատ սթրեսային է։ Այստեղ մի աղջիկ կա, Բանգլադեշից եկած, կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Կուզեի իրեն տուն տալ, չգիտեմ, նեղվում եմ, երբ էս անհավասարությունն ու սոցիալական անարդարությունը տեսնում եմ ամենուրեք։  Էլ չասեմ անտունների մասին, որը, իմ կարծիքով, Կանադայում խնդիր է, բայց որեւէ վիճակագրական տվյալ այս պահին չունեմ։

Ամենաշատն էլ մտածում եմ… ամեն ինչի մասին, ուզում եմ՝ այս վիճակն անցնի, ու որ հետո մարդկությունն ավելի խելամիտ վարվի բնության, կենդանական աշխարհի ու շրջակա միջավայրի նկատմամբ։ Այս օրերին մենք պետք է բոլորս միմյանց նեցուկ լինենք, աջակցենք, չկորցնենք մեր մարդկային դիմագիծը։

Հարցազրույցը`

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
15
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930