Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերժի ու Ռոբի ֆեյքերն ու մեդիաները մեզ վրա փող են ծախսում»

Ապրիլ 16,2020 14:00

Հարցազրույց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, 2019թ. աշնանից շրջանառվում է կառավարության՝ ձեր հոլդինգին տրված խոշոր չափի՝ 319 մլն դրամի պատվերի մասին, ինչը մինչ օրս ժամանակ առ ժամանակ «թարմացվում» է ու առաջացնում, մեղմ ասած՝ տարաբնույթ մեկնաբանություններ սոցցանցերում։ Դուք համառորեն մինչ օրս չեք անդրադարձել դրան ու մեկնաբանել դա։

– Ինքս, իհարկե, անարդարությունից, սխալ, նենգափոխված տեղեկատվությունից, ճիշտն ասած՝ նեղվում եմ, բայց, մյուս կողմից՝ այո, ուրախանում, որ Սերժի ու Ռոբի ֆեյքերն ու մեդիաները փաստորեն մեզ վրա փող են ծախսում, ինչը նշանակում է, որ մենք իրենց ռեժիմին խանգարող կամ նոր Հայաստանին նպաստող, ուղիղ ասած՝ բան ենք ներկայացնում։ Ինչ վերաբերում է այդ առիթով իմ լռելուն, ինձ երբեւէ նման հարցով չեն դիմել։ Մենք 2019թ. ունեցել ենք 90 մլն դրամի պետպատվեր, որից «Հայաստանը մեր օջախն է» ծրագրի համար կառավարության որոշմամբ ստացել ենք  27 մլն 650 հազար դրամ։ Երբ ասում եմ կառավարության որոշմամբ, դա չի նշանակում, որ մրցույթ չի եղել։ Քոչարյանի մամուլի բարձրացրած բոթից հետո կառավարությունը երկու անգամ տարբեր գովազդային ընկերությունների ուղարկել է այդ փաթեթը եւ մեզանից ավելի էժան գին ոչ ոք չի առաջարկել։ Չէր էլ կարող, քանի որ այդ գործարքից ստացված ողջ գումարը ծախսվել է գործի վրա։ Մինչդեռ այլ ձեռնարկություններ պետք է մասնակցեին շահույթ ստանալու համար։ Իսկ մնացած գումարը՝ շուրջ 63 մլն, եղել են պետական մրցույթներով պատվերներ։

Հաճախ ինձ որոշ լրատվամիջոցներ հարցնում են, թե ինչու եք համաձայնել կառավարության տված պատվերը կատարել։ Իսկ այդ լրատվամիջոցները թող աշխարհում մատնացույց անեն գոնե մի ընկերություն, որը հրաժարվել է պետպատվերից։ Ասում են նաեւ, իբր մենք ավելի շատ պատվեր ենք ստացել նոր իշխանության ժամանակ, քան նախկինում։ Տեղեկացնեմ, որ 1998-ից սկսած սպասարկել ենք նախագահի աշխատակազմը եւ ստացել ոչ մրցութային պատվերներ, քանի որ «Անտարեսն» է այդ ժամանակահատվածում հանդիսացել որակի լիդերը։ Արդյոք դա մրցույթ չէ՞, երբ ապահովում ես ամենաբարձր որակը խելամիտ գնով։ Ի դեպ, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, անկախ իմ անձնական քաղաքական դիրքորոշումից, պատվերները տալիս էին «Անտարեսին»։ Ավելին՝ 2012-13թթ. մշակույթի նախարարության պատվերների առնչությամբ էլ էին մեզ կշտամբում՝ իբր ստացել ենք 250 մլն դրամի պատվեր եւ այլն… Էլ չեմ անդրադառնա թվերին, բայց հիշեցնեմ, որ բիզնեսը չպետք է մասնակցի քաղաքական գործընթացներին։ Բիզնեսը պետք է որակով, խելամիտ գնով, արագ ժամկետում կատարի իր պատվերները։ Ես մշտապես հստակ տարանջատել եմ պետությունը  իշխանությունից, որպես անձ էլ պայքարել եմ Քոչարյանի ռեժիմի դեմ եւ ձեռնարկությունն այդ տարիներին ստացել է պետությունից պատվերներ ու պատշաճ որակով կատարել դրանք։ Ավելին ասեմ՝ Հանրապետական կուսակցությունից ստացել ենք շա՜տ մեծ պատվերներ, այդ թվում՝ նախընտրական, եւ նամուսով իրականացրել ենք։ Առանց մանրամասնելու մի բան էլ ասեմ. 2016-17թթ. իմ  քաղաքական դիրքորոշման հետ կապված, տարբեր պաշտոնյաներ, ունենալով իրենց նեղ անձնական խնդիրները, փորձել են ամեն ինչ անել, որպեսզի «Անտարեսը» պատվեր չստանա…

– Ինչո՞ւ։

– «Անտարեսը» ատկատ չի տվել ու չի տալիս։

– Համաճարակի այս օրերին դադարեցվա՞ծ է «Անտարեսի» գործունեությունը։

– Մենք ավելի մեծ թափով ենք աշխատում։ 2019թ. դեկտեմբերին  հաղթել ենք պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթում, պատվերներ ունենք նաեւ արտասահմանից…

– Քանի որ մեր զրույցը զուտ մշակութային դաշտում չէ, այլ թվերի, գուցե բարձրաձայնե՞ք ՊՆ-ի պատվերի գումարի չափը։

– Այն կազմում է շուրջ 44 մլն դրամ։ Պետք է բարձրաձայնեմ, որ «Անտարեսի» ամենամեծ պատվիրատուն հայերեն ընթերցող քաղաքացին է։ Ասածս փաստեմ դարձյալ թվերով. մենք ամեն տարի ստեղծում ենք 200 եւ ավելի անուն նոր գիրք։

Զրուցեց

Սանվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930