Իմ կարանտինը, իրականում, մի փոքր ուշ սկսեց, որովհետեւ շարունակում էի գնալ աշխատանքի։ Այդ ժամանակ չէի հասկանում այն մարդկանց, որոնք ասում էին, որ անտանելի է այս ամենը, բայց երբ սկսեցի տնից աշխատել, ամեն ինչ «տեղն ընկավ»։ Չնայած արտակարգ դրություն է, ես արթնանում եմ առավոտյան ժամը 9-ին, առաջին բանը, որ անում եմ, դա, բնականաբար, հեռախոսս վերցնելն է ու վերջին նորությունները կարդալը։ Օնլայն աշխատանքային ժողովից հետո, երբ արդեն գիտեմ, թե այդ օրը ինչ նյութ եմ պատրաստելու, անցնում եմ աշխատանքի։ Բնականաբար, ընթացքում նաեւ մասնակցում եմ հեռավար դասերին։ Անկեղծ ասած, այս օնլայն դասերին ու աշխատանքին չեմ կարողանում հարմարվել։ Թվում է, թե այսպես կարողանում ես ժամանակ խնայել, բայց հակառակն է ստացվում։ Երբ գնում ես համալսարան կամ աշխատանքի, գիտես՝ որտեղ ինչ պետք է անես, բայց այսպես խառնվում է իրար ու ավելի շատ ժամանակ ես ծախսում եւ հոգնում ես։
Իմ աշխատանքային օրը ավարտվում է ժամը 20։00-ին։ Երեկոյան մի բաժակ թեյ եւ սիրելի գիրք կամ սիրելի ֆիլմ, ու ամեն ինչ դառնում է իդեալական։ Եվ այսպես շաբաթը 5 օր։ Շաբաթ եւ կիրակի օրերը ինձ համար ոչ աշխատանքային օրեր են։ Ես էլ օգտվում եմ այդ հնարավորությունից ու անում եմ այն ամենը, ինչը շաբաթվա ընթացքում չեմ հասցնում անել։ Այս օրերին անում եմ տնային հանձնարարությունների հիմնական մասը, քանի որ շաբաթվա ընթացքում հնարավոր է չհասցնեմ։
Առաջ ես երազում էի, որ մեր դասերը լինեին հեռավար, որովհետեւ կարծում էի, թե այդպես ժամանակ կխնայեմ ու ընթացքում կկարողանամ զբաղվել նաեւ այլ բաներով։ Հնարավոր է՝ դա այդպես է, բայց այդ ընթացքում բաց ես թողնում ամենակարեւորը, մարդկային իրական շփումը։ Հոգնում ես տեսնել քո ընկերներին միայն այս սառը էկրանից այն կողմ։ Կարոտում ես փողոց դուրս գալ ու զբոսնելը։ Այնպես չէ, որ այս ընթացքում տնից դուրս չեմ գալիս, բայց ես ուզում եմ դուրս գալ ու տեսնել մարդկանց առանց դիմակների ու ձեռնոցների։ Ուզում եմ դուրս գալ փողոց ու չտեսնել մարդկանց վախեցած աչքերը։ Գարնան բնորոշ ջերմությունը չկա փողոցներում։ Ամեն ինչ դարձել է առցանց. «սիրում» ենք առցանց, «գրկում» ենք առցանց, «կարոտում» առցանց։ Համոզված եմ, որ այս ամենի ավարտից հետո կսկսենք գնահատել ամենապարզ բաները, որոնք մենք հնարավորություն ունենք անելու։
Գառնի ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կարդացեք նաև
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի
«Առավոտ» օրաթերթ
15.04.2020