Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ինչ-որ առաջարկներ

Ապրիլ 16,2020 12:00

Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի վերջին հեռախոսազրույցում
նման թեմայի մասին հիշատակում չկար

Ապրիլի 13-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ձեռնարկվող միջոցառումները, Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Ռուսաստանյան եւ ադրբեջանական գործակալությունների տարածած հաղորդագրություններում ասվում էր, որ երկու երկրների նախարարները համոզմունք են հայտնել, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանների փակումը չի ազդի ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ապրանքաշրջանառության ծավալների վրա:

Լրատվականների տարածած հաղորդագրությունում նաեւ նշվում էր. «Բացի այդ, նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հնարավոր քայլերը»: Սակայն Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այս թեմայով Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հետագա հնարավոր քայլերը՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ներկայացուցիչների, առաջարկությունների համատեքստում:

Թե ինչ առաջարկների մասին է խոսքը՝ չի հստակեցվում: Եթե նման տեղեկություն հայտնած լիներ ադրբեջանական կողմը, կարելի էր ենթադրել, որ պաշտոնական Բաքուն հերթական անգամ խտացնում է գույները: Սակայն նշյալ միտքը արտացոլված է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում, հետեւաբար հարց է ծագում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի ներկայացուցիչներն այդ ի՞նչ առաջարկներ են ներկայացրել կողմերին:

Ավելին՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը արտգործնախարարների մակարդակով դա ոչ միայն արդեն քննարկում են, այլեւ ռուսական կողմը հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում այդ մասին հիշատակում է:

Ապրիլի 8-ին, ի դեպ, հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

ՀՀ ԱԳՆ լրատվության վարչության եւ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրություններում ասվում էր, որ արտգործնախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ ընդգծելով փոխգործակցության, փոխօգնության եւ տեղեկատվության փոխանակման կարեւորությունը: «ԱԳ նախարարներ Մնացականյանը եւ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, համագործակցությանը միջազգային եւ տարածաշրջանային կառույցների շրջանակներում: Կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող վերջին զարգացումները»,- նշվում էր հաղորդագրությունում:

Մնացականյանի եւ Լավրովի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություններում չի շոշափվել համանախագահող պետությունների ներկայացրած առաջարկների մասին թեման, ինչը զարմանալի է:

Մինչ վերջերս, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարություններից մեկը տարածվեց մարտի 20-ին, որում նրանք հայտնում էին կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցման առնչությամբ, եւ կոչ էին արել կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը եւ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս շրջանում էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում. «Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին եւ դրանից տուժածների բուժմանը, մենք կողմերին կոչ ենք անում անել հնարավոր ամեն բան՝ նվազագույնի հասցնելու լարվածության ռիսկը, այդ թվում օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները: Չնայած միջազգային ուղեւորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական ջանքերը` սերտ կապի մեջ մնալով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ»:

Միջնորդների վերջին հայտարարությունը տարածվեց մարտի 31-ին՝ Արցախում տեղի ունեցած ընտրությունների առիթով: Համանախագահները նշել էին, որ «ի գիտություն են ընդունել, այսպես կոչված՝ «ընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 31-ին»։

Համանախագահները նկատել էին, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման կոնտեքստում ընդունում են Ղարաբաղի բնակչության դերը իր ապագան որոշելու հարցում համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարությունում տեղ գտած սկզբունքներին եւ տարրերին համապատասխան։ «Սակայն համանախագահները ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որպես անկախ եւ ինքնիշխան պետություն ո՛չ համանախագահ երկրների, ո՛չ էլ որեւէ այլ պետության կողմից։ Հետեւաբար համախագահները չեն ընդունում այդ «ընտրությունների» արդյունքները որպես Ղարաբաղի օրինական կարգավիճակի վրա ազդող գործոն, եւ ընդգծում են, որ արդյունքները չեն կարող որեւէ կերպ կանխորոշել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության երկարատեւ եւ խաղաղ կարգավորման համար ընթացող բանակցությունների ելքը», – ասվում էր հայտարարությունում։

Մարտի 9-ին տարածված հայտարարություն ասելով՝ միջնորդները նկատի ունեն 2019թ. մարտի 9-ի հայտարարությունը, որում նրանք վերահաստատել էին, որ խնդրի արդար ու տեւական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: «Այն նաեւ պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012թթ. առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաեւ միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաեւ խաղաղապահ գործողություն»: Այնուհետեւ, համանախագահները նշել էին, որ այս սկզբունքներն ու էլեմենտները պետք է լինեն հակամարտության արդար ու տեւական կարգավորման հիմքը եւ պետք է համարվեն մեկ ամբողջություն, եւ կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հասնելը հավասարակշռված իրադրության:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 15.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930