Արցախի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Արցախում կորոնավիրուսով վարակված 6 հիվանդից երկուսը բուժվել է։
Գրիգորի Մարտիրոսյանը ասաց, որ պետությունը աջակցություն կցուցաբերի այն ոլորտներին, որոնք մեծ վնասներ են կրել ճգնաժամի պատճառով։ Նա չբացառեց, որ հնարավոր լինի նոր սահմանափակումների կիրառումը. «Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք գործող սահմանափակումների կանոնակարգման, ավելի հստակեցման ուղղությամբ։ Եվ հավանաբար, այսօր կամ վաղը կստորագրեմ ևս մեկ որոշում, որը նույնպես կվերաբերվի Արցախի հսկիչ կետերով մուտք գործելու սահմանափակումներին։ Ըստ իրավիճակի զարգացման, մենք հնարավոր է, որ կիրառենք այլ սահմանափակումներ։ Սակայն, այս պահի դրությամբ, օրակարգում է սահմանափակումների որոշ չափով նվազեցման հարցը, որովհետև Քաշաթաղի օջախի սահմանափակումները մոտակա օրերին կհանվեն»։
Գրիգորի Մարտիրոսյանը հայտնեց, որ Արցախում սահմանված կլինեն սոցիալական բնույթի չորս միջոցառումներ։ Առաջինը՝ մարտի 1-ից մինչև մարտի 31-ը աշխատանքից ազատված անձանց կվճարվի նվազգույն աշխատավարձի չափով միանվագ դրամական օգնություն։ Երկրորդը՝ եթե ծնողները չեն աշխատում, յուրաքանչյուր երեխայի համար վճարվում է 26 հազար դրամ միանվագ դրամական օգնություն։ Իսկ եթե ընտանիքում չորս կամ ավելի երեխաներ կան, ապա անկախ այն փաստից՝ աշխատում են ծնողները, թե ոչ դրամական օգնությունը կվճարվի։ Երրորդը՝ եթե ծնողներից երկուսն էլ ազատվել են աշխատանքից կամ մեկը չէր աշխատում, մյուսը ազատվել է աշխատանքից, ապա այդ դեպքում մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար կվճարվի 100 հազար դրամ միանվագ դրամական օգնություն։ Եվ չորրորդը վերաբերվում է չաշխատող հղի կանանց, եթե նրանց ամուսինները չեն աշխատում։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ