Ինչպես տեղեկացրել ենք, Մարալիկում կորոնավիրուսի վարակման 9 նոր դեպք է արձանագրվել, նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են, նրանց թվում է նաև հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որը մասնագիտությամբ վարակաբան է։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն Aravot.am-ին պարզաբանեց, որ Մարալիկի մեկուսացված բնակիչներից մեկի մոտ երեկ թեստի դրական պատասխան են ստացել։ Նա եղել է Մարալիկի առողջության կենտրոնի անձնակազմի ներկայացուցիչ։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի» անձնակազմի որոշմամբ, այսօր Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակազմի մի մասին թեստավորել են․ 9 հոգու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի ներկայացուցիչները, ոլորտային պատասխանատուներն այնտեղ են, իրենք կոնտակտավորների շրջանակի վրա են աշխատում, մի մասն արդեն տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց, մյուս մասի տեղափոխումը շարունակության, ընթացքի մեջ է։
Կարդացեք նաև
Հիմա քննարկում են ամբողջ անձնակազմի թեստավորման հարցը և այդ գործընթացին զուգահեռ ոլորտային քննարկում է ընթանում այս փուլում Մարալիկի հիվանդանոցի գործունեության հարցը, որը հավանաբար «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի հետ քննարկումներից հետո արդեն կստանանք այդ ցուցումները»,- ասաց մարզպետը։
Մեր հարցին՝ հնարավո՞ր է արգելվի Մարալիկ ելումուտը, Տիգրան Պետրոսյանն ասաց, որ ոլորտային կառույցների, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի կողմից ամբողջական շղթայի հետազոտությունից հետո քննարկման առարկա կդառնան բոլոր հարցերը, բոլոր տարբերակները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 6-ին կորոնավիրուսով վարակվել էր 68-ամյա մի տղամարդ Մարալիկից, որը մահացել էր։
Նրան երկկողմանի թոքաբորբով Մարալիկի հիվանդանոցից տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, նրան զննել էին նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։ Գյումրի բժշկական կենտրոնում էլ ապահով լինելով, որ վարակակիր չէ, ընդունել էին։ Իսկ երբ տեղափոխել էին մայրաքաղաք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, թեստավորել էին ու պարզվել էր վարակված է կորոնավիրուսով։
Նրա հետ շփված Գյումրի բժշկական կենտրոնի թվով 29 աշխատակիցներ մեկուսացած են, նրանք կթեստավորվեն 14-րդ օրը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ