Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նման կոմպակտ տնտեսություն ունեցող երկրներում մեծ տատանումներ չեն կարող լինել. Թաթուլ Մանասերյան. «Ա1+»

Ապրիլ 15,2020 21:50

«Ա1+»-ի հարցերին պատասխանել է  տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

– Պարոն Մանասերյան, արտակարգ դրության հաստատումից հետո դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ դանդաղորեն արժեզրկվեց, բայց այս շաբաթ կրկին արժեվորվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, թե Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։ «Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ»,- գրել էր վարչապետը: Բայց ՀՀԿ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանն ասում է, թե ԿԲ-ն մոտ 125 մլն դոլար է վաճառել, որպեսզի թույլ չտա դրամի կտրուկ արժեզրկումը: Պաշտոնական տեղեկություն չկա, բայց ,Ձեր կարծիքով ,ԿԲ-ն նման միջամտություննե՞ր է անում, որ դրամի փոխարժեքը կտրուկ չնվազի:

– Այս պարագայում դրամի հանդեպ վստահությունը վերջին դերը չի խաղում, թեև չեմ բացառում, որ ցնցումներ թույլ չտալու համար ԿԲ-ն պատրաստ է օգտագործել իր տրամադրության տակ եղած գործիքակազմը: Բայց ընդհանուր իրավիճակը հուշում է, որ Հայաստանի նման կոմպակտ տնտեսություն ունեցող երկրներում այդպիսի մեծ տատանումներ չեն կարող լինել, ինչպես ավելի մեծ տարածք, տնտեսություն ունեցող երկրներում են լինում: Եթե նկատի ունենանք, թե ինչ արժեզրկում ունեցավ ռուբլին, ապա դրամը շահեկանորեն տարբերվում է: Վերջին տարիներին դրամն ընդհանրապես բավականին կայուն է եղել: Կարելի է ասել, որ հետխորհրդային տարածքում միակ արժույթն է, որ չի արժեզրկվել այնպես, ինչպես բոլորը` ընդ որում երկնիշ, որոշները նաև եռանիշ թվերով: Իսկ մեր հարևան Ադրբեջանում արժույթի արժեզրկման արդյունքում անգամ բանկեր փակվեցին:

– Այս տարի ամենայն հավանականությամբ արտագնա աշխատողները չեն մեկնի ՌԴ և փող չեն ուղարկի, զբոսաշրջիկները չեն գա ու այստեղ գումար չեն ծախսի, արտահանման խնդիր ենք ունենալու: Այսինքն՝ արտարժույթի ներհոսքը կտրուկ նվազելու է: Դա չի՞ ճնշելու դրամին, որ արժեզրկվի, կամ բարձրանա դոլարի փոխարժեքը:

– Իհարկե, ամեն ինչ հնարավոր է: Առաջին ոլորտը, որն ակնհայտորեն տուժում է, զբոսաշրջությունն է, բայց դա համաշխարհային բնույթ է կրում: Նաև` շինարարության ոլորտը, որը նախորդ տարի մեծ աշխուժություն էր գրանցել: Այս երկու ոլորտներն իրենց հետ փոխկապակցված ճյուղեր են զարգացնում և բացասական ազդեցություն են ունենալու դրանց վրա: Դոլարայնությունը և Հայաստանում, և ողջ աշխարհում է բարձր։ Եթե  ուշադրություն դարձնենք այդ արժույթի տատանումներին` պայմանավորված ամերիկյան տնտեսության զարգացմամբ, կնկատենք, որ դոլար-եվրո տատանումներն են կանխորոշում մնացած բոլոր արժույթների գինը: Իհարկե, ես չեմ բացառում ԿԲ-ի միջամտությունը,  համարում եմ, որ դա արդարացված կլինի ցնցումները կանխելու համար, բայց վերջին 10 տարիներին չեմ նկատել, որ վարված արժութային քաղաքականությունը բնական ընթացքին դեմ կամ հակառակ է: Սեփական արժույթի կայունությունը պետք է կարևորել և նյութականացնել, բայց, ցավոք սրտի, այդ նյութականացումը չեմ տեսնում տնտեսության կառավարման օղակներում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930