Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր Մարալիկում․ վարակակիր են դարձել հիվանդանոցի 9 բուժաշխատողներ

Ապրիլ 15,2020 21:35

Aravot.am-ի տեղեկություններով, կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվել Անի խոշորացված համայնքի կենտրոնում՝ Մարալիկում։

Ըստ տեղեկությունների, 20 հանձնված թեստերից 9-ի պատասխանը եղել է դրական, վարակվածները Մարալիկի հիվանդանոցի բուժանձնակազմից են։ Հիվանդների թվում է նաև հիվանդանոցի տնօրենը, որը մասնագիտությամբ վարակաբան է։

Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանից, որն ասաց, որ իր ունեցած նախնական տեղեկություններով, 9 հոգու մոտ թեստի պատասխանը դրական է տվել ու խոսքը բուժաշխատողների մասին է։

«Ես մտահոգ եմ, անհանգստացած, բուժաշխատողների շփման շրջանակը մեծ է, աշխատանքի ռիսկայնության աստիճանն էլ մեծ, հիվանդանոց դիմում են վատառողջ մարդիկ։ Կա մտահոգություն շրջանակը բացահայտելու ու հնարավորինս տարածումը կանխելու ուղղությամբ», -ասաց համայնքապետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին կորոնավիրուսով վարակվել էր 68-ամյա մի տղամարդ Մարալիկից, որը մահացել էր։ Նրան երկկողմանի թոքաբորբով Մարալիկի հիվանդանոցից տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, նրան զննել էին նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։

Գյումրի բժշկական կենտրոնում էլ ապահով լինելով, որ վարակակիր չէ, ընդունել էին։ Իսկ երբ տեղափոխել էին մայրաքաղաք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, թեստավորել էին ու պարզվել էր վարակված է կորոնավիրուսով։ Նրա հետ շփված Գյումրի բժշկական կենտրոնի թվով 29 աշխատակիցներ մեկուսացած են, նրանք կթեստավորվեն 14-րդ օրը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի պարզաբանումը՝ քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930