«Ամիսներ շարունակ Լարսի անցակետում հայ բեռնափոխադրողները խնդիր ունեն: Մթերքների արտահանման մի քանի տեսակների փոխադրողներն անցակետում խնդիրներ ունեն: Մթերքը, հասնելով անցակետ, կարող է փորձաքննության ենթարկվել՝ իբրեւ թե երրորդ երկրի ապրանք լինելու պատճառով: Կարծում եմ՝ գիտեք, թե որքան ապրանք է այս պահին թափվում այդտեղ: Ի՞նչ է արվում՝ մեր բեռնափոխադրողների շահերը պաշտպանելու համար»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր նման խնդիր բարձրաձայնեց ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը:
«Նման խնդիրներ, իսկապես, մի պահ առաջացան, բայց, կարծում եմ, դրանք արդեն իսկ բացառված պետք է լինեն, որովհետեւ ԵՏՄ վերջին շրջանի բոլոր փաստաթղթերը վերաբերում են այն հանգամանքին, որ առնվազն «կանաչ միջանցքի» սկզբունքը պետք է պահպանված լինի ԵՏՄ երկրների միջեւ»,-արձագանքեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ անցակետում անգամ ավելի անթույլատրելի երեւույթներ են եղել, բայց վերջին հինգ օրում խնդիրների մասին չեն լսել: Արթուր Դալլաքյանն ի պատասխան պնդեց՝ հիմա շատ բեռներ ենթարկված են փորձաքննության. «Եթե այսպես շարունակվի, այդ բեռների մոտ քսան տոկոսը թափելու ենթակա է լինելու»: Փոխվարչապետը նշեց, որ եւս մի անգամ խնդիրը կուսումնասիրեն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ