Լրահոս
Օրվա լրահոսը

«Համապետական այս ընտրությունները կարևոր հանգրվան էին՝ ողջ աշխարհին փաստելու արցախահայության նվիրումը ժողովրդավարության համընդհանուր արժեքներին». Արցախի նախագահը շնորհավորանքներ է ստանում

Ապրիլ 15,2020 18:40

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի նախագահին

 Ապրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահավորագիր է հղել տիար Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով։

«Վերջին շաբաթներին ուշադրությամբ հետևել ենք Արցախ աշխարհում տեղի ունեցող ընտրապայքարին։ Համապետական այս ընտրությունները կարևոր հանգրվան էին՝ ողջ աշխարհին փաստելու արցախահայության նվիրումը ժողովրդավարության համընդհանուր արժեքներին։ Արցախի մեր բարեպաշտ զավակները վստահություն հայտնեցին պետական կառավարման ոլորտում Ձեր բազմամյա փորձառությանը և հանրապետության ապագա զարգացման ու հզորացման Ձեր տեսլականին։

Համայն հայության ձգտումն ու ցանկությունն է տեսնել Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության շեն ու առաջընթաց կյանքը։  Հանուն դրա է մեր ողջ ժողովուրդը կրել նեղություններ և զրկանքներ, հեղվել արյունը բազում հայորդիների: Հրամայական է Արցախի ժողովուրդի համար իշխանությունների գլխավորությամբ պահպանել միասնականությունը և համերաշխության ոգին հանդիման առկա մարտահրավերների, իսկ քաղաքական ուժերի պայքարում գերակայեն ողջախոհությունը, օրինահարգությունը և համագործակցությունը՝ երբեք տեղիք չտալով բևեռացման և բաժանումների», – ասված է շնորհավորական նամակում:

Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ տիար Հարությունյանի նախագահության տարիներին առավել շենանա ու պայծառանա կյանքը Արցախ աշխարհում։ Նորին Սրբությունը ընդգծել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր աշխարհասփյուռ բոլոր կառույցներով պիտի շարունակի իր ջանքերը ու զորակցությունը բերել Արցախին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Երկնավոր Տիրոջն Իր Ամենախնամ Աջով պահել ու պահպանել արցախցիներին և հանապազ օրհնել նրանց քաջարի ոգին ու Արցախի գալիք ամեն օրը:

Արցախի նորընտիր նախագահին շնորհավորել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Արդեն իսկ պարզ է, որ Արցախի չորրորդ նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բարձր է գնահատում և ողջունում է Արցախում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները, մասնավորապես՝ մրցակցային, ազատ ու թափանցիկ ընտրությունները։

Ասվածի համատեքստում ցանկանում ենք շնորհավորել պարոն Հարությունյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վստահ ենք, որ նա և իր քաղաքական թիմը հավատարիմ կմնան անկախությունից ի վեր արմատավորված քաղաքական անփոփոխ ուղեծրին, որի անքակտելի բաղադրիչներն են Արցախի անվտանգության ապահովումն ու ինքնորոշման իրավունքը։

Լիահույս ենք նաև, որ նոր նախագահի գլխավորությամբ կշարունակվի Արցախի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացումն ու այդ ուղղությամբ նորանոր նվաճումներ կարձանագրվեն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Արցախի և արցախահայության կողքին է և միշտ էլ հանդես է գալու այդ դիրքերից:

Աստված պահապան Հայաստանի և Արցախի Հանրապետություններին»,-ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը։

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության շնորհավորական ուղերձը Արայիկ Հարությունյանին` Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ

Շնորհավորում ենք Ձեզ, Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեների բարձր ցուցանիշով համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ:

Այս բարդ և պատասխանատու ժամանակաշրջանում, կազմակերպելով բարձր մակարդակի համապետական ընտրություններ, Արցախի ժողովուրդն ու իշխանություններն աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքների վրա խարսխված ամուր պետականություն կառուցելու գործին:

Համոզված ենք, որ ժողովրդի վստահության քվեն Ձեզ հնարավորություն կտա աշխատելու ի նպաստ Արցախի անվտանգության ամրապնդման, երկրի տնտեսության զարգացման և առաջընթացի, ի բարօրություն Արցախի ժողովրդի:

Լիահույս ենք, որ ժողովրդավարական չափանիշներով անցկացված ընտրություններն իրենց համարժեք արձագանքը կստանան նաև միջազգային հանրության կողմից՝ վերահաստատելով Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին համայն հայության, Արցախի և Հայաստանի  գործադրած միասնական ջանքերը:

Պարոն Նախագահ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ, Արցախի քաղաքացիներին և համայն հայությանը՝ մաղթելով ուժ ու միասնականություն, քաջառողջություն ու խաղաղություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930