«Ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները բողոքում են, որ տեւական ժամանակ է՝ ՊՆ-ից պատվերներ չեն ստանում, պարապուրդի են մատնված: Հիմա իրավիճակն ավելի բարդ է՝ պայմանավորված համավարակով: Կառավարության որոշմամբ թույլատրելի գործունեության տեսակների մեջ ռազմարդյունաբերությունը մտնում է: Այսինքն, կարելի է աշխատել, բայց պետական պատվերներ չկան, որ աշխատեն»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր նման խնդիր բարձրաձայնեց ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Պատվերները ստացված են, պայմանագրերը՝ ստորագրված, վճարումները եւս կատարված են: Սա նոր բան չի, երկար տարիներ եղել է խնդիր, որ պայմանագրերը ուշ են կնքվել: Ոչ թե պատվեր չի տրվել, այլ բյուջեն հաստատելուց հետո որոշակի գործընթաց է լինում, ինչի պատճառով պայմանագրերը ուշ են կնքվում, իսկ տարվա սկզբում հարկադիր պարապուրդի խնդիր է առաջացել որոշ գործարաններում: Հիմա ՊՆ-ի հետ ակտիվ աշխատում ենք, որ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հնարավորություն լինի: Մինչեւ տարվա վերջ հստակ պատկեր կունենանք, որպեսզի գործարանները ֆինանսական առումով ունենան հստակ հետագիծ ու ամեն տարին պլանավորեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ