Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես է տեղ հասնում կառավարության սոցիալական աջակցությունը, ովքեր են ծրագրից դուրս մնում

Ապրիլ 15,2020 18:06

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ստեղծված ճգնաժամի հետևանքով տուժած խմբերին կառավարության սոցիալական աջակցության ծրագրերը որքանով են հասցեական, հասանելի եւ որքանով են անդրադառնում բոլոր խոցելի խմբերին եւ տուժածներին: Այս թեմայով այսօր «Հոդված 3» ակումբի առցանց քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց նախարարության ծրագրերը, նշելով՝ տարբեր ծրագրերով աջակցություն է տրամադրվում հենց խոցելի խմբերին՝ միայնակ կենսաթոշակառուներին, այս ընթացքում աշխատանքից զրկված անձանց, հղիներին, բազմազավակ ընտանիքներին եւ այլ խմբերի:

«Վորլդ Վիժն» Հայաստան, երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանն էլ նշեց՝ իրենց կազմակերպությունը շուրջ 40 կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ՀԿ-ներ, քաղաքապետարան եւ մարզպետարաններ, միասին աշխատում է, աջակցության կարիք ունեցող անձանց ցուցակներն են հստակեցնում, փորձում այնպես անել, որ աջակցությունից դուրս չմնան իրապես կարիքավոր մարդիկ եւ ընտանիքները: Մուրադյանի ներկայացմամբ՝  600 ընտանիքի հումանիտար աջակցություն է տրամադրվել: Ըստ Մուրադյանի, երբեմն դժվար է ընտանիքի կարիքը բացահայտել, կազմակերպությունը փորձում է հեռախոսազանգերի միջոցով պարզել կարիքները, եւ այս մեթոդով կարիք գնահատելն ու բացահայտելը շատ բարդ է: Մուրադյանն ասաց, որ խոցելի են նաեւ այն ընտանիքները, որոնց երեխաները որեւէ հաստատությունից վերադարձել են ընտանիք. «Մեր ուշադրության կենտրոնում են այս ընտանիքները, որպեսզի նրանք առաջնային աջակցություն ստանան»:

Այս շրջանում, ըստ Մուրադյանի, տարածված խնդիր է անձնական տվյալների անվտանգությունը. «Մարդիկ, որոնք փորձում են օգտվել սոցիալական աջակցությունից, երբեմն բաց հարթակներում տեղադրում են իրենց բաց տվյալները, ասենք՝ սա իմ սոցքարտն է, որեւէ մեկը կարո՞ղ է պարզել ծրագրով աջակցություն ինձ հասնո՞ւմ է, թե՞ ոչ: Լուրջ վտանգված է անձնական տվյալների անվտանգությունը»:

Քննարկման մեկ այլ մասնակից, լրագրող, անապահովներին աջակցելու նախաձեռնության հեղինակ Լիա Խոջոյանն էլ ասաց՝ սոցիալական աջակցության պետական ծրագրերի հասցեականության խնդիր կա, շատերը դուրս են մնում ծրագրերից, խոցելի խմբերից  շատերը համակարգից օգտվել չգիտեն, կամ համակարգիչ չունեն, որպեսզի կարողանան դիմումը լրացնել: Խոջոյանի ներկայացմամբ՝ այս ընթացքում նկատել են, որ օրինակ, աջակցությունից դուրս են մնում նպաստառուները, տարեց կենսաթոշակառուներ, որոնք ունեն զավակներ, բայց նրանց հետ որեւէ կապ չունեն: Փոխնախարար Գասպարյանն ասաց, որ նշված խմբի անձինք կոմունալ վճարումների փոխհատուցում են ստանում, միայնակ տարեցները, նպաստառուները ստանում են պարենի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ: Փոխնախարարի խոսքով՝ աջակցություն ստանալու դիմումի ձեւաչափը շատ պարզ է, եւ լրացնելը դժվար թե համատարած ու լուրջ խնդիր առաջացնի, իսկ առցանց դիմումների աջակցությունը կառավարության 8-րդ եւ 9-րդ ծրագրերին է վերաբերում, մյուս խմբերի աջակցությունը առանց որեւէ դիմումի է տրամադրվում:

Ըստ Գասպարյանի, հյուրանոցային, հանրային սննդի, զբոսաշրջության, վարսավիրանոցների, ոչ պարենային ապրանքների մանրածախ առեւտրի կետերի աշխատակիցները, որոնք այս ընթացքում զրկվել են աշխատելու հնարավորությունից, կառավարությունից աջակցություն են ստանում՝ 68 հազար դրամից մինչեւ 136 հազար դրամ փոխհատուցում, նաեւ ֆիզարձակուրդում գտնվող ծնողներն են դրամային փոխհատուցում ստանում: Փոխնախարարի հավաստմամբ՝ աջակցության համար 89 890 դիմում են ստացել, մերժվել է 39961-ը,  3 միլիարդ 430 միլիոն դրամի աջակցություն է տրվել եւ սրանք, ինչպես փոխնախարարն ասաց, աճող թվեր են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930