Լրահոս
Օրվա լրահոսը

Տխուր պատկեր. Ազատանի խոպանչիների մի մասը մնացել է ՌԴ-ում, մոտ 300 հոգի էլ չի կարողացել մեկնել

Ապրիլ 15,2020 17:52

Aravot.am-ը Շիրակի մարզի Ազատան համայնքի համայնքապետ Վարդան Իկիլիկյանից հետաքրքվեց, թե ի՞նչ վիճակում են Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնողները․ ինչո՞վ են նրանք զբաղվելու հայրենիքում։

«Ազատանի բնակչության մոտ 30 տոկոսն արտագնա աշխատանքի է մեկնում, հիմնականում Յակուստկ, Մոսկվա, Սախալին, Վլադիվոստոկ, մեկնածները հիմնականում շինարարական ոլորտում են, հազարից մեկն է, որ առևտրի ոլորտում է։

Հիմա բանվորները մնացել են, չեն վերադարձել, իհարկե, արձագանքներ լսում ենք, որ շատ քիչ մասն է աշխատում, մի մասը հույսով սպասում է։ Եթե այսպես շարունակվի, չգիտեմ ինչ կլինի։ Որ եկան հայրենիք, ընտանիքի երեսին նայեցին, իմաստը ո՞րն է, հույս ունեն, որ առաջիկայում կբացվի, մի կոպեկ փող կաշխատեն, եթե կարողանային այստեղ աշխատել, չէին գնա, էլի», -ասաց համայնքապետը։

Վարդան Իկլիկյանը նաև ասաց, որ արտագնա աշխատանքի մեկնողներից մոտ 300 հոգի էլ, չնայած խոպան գնալու սեզոնն է, այլևս չեն կարող մեկնել Ռուսաստանի Դաշնություն․ նրանց մի քանիսը տոմսերը հետ են տվել, մյուսներն էլ չեն հասցրել տոմս գնել։

«Լուրջ խնդրի առաջ են կանգնած, մոլորվել են, բոլորը երեխատեր են»,-ասաց համայնքապետը։

Ըստ նրա, այս մարդիկ  չեն կարող մնալ հայրենիքում ու գյուղատնտեսությամբ զբաղվել, որովհետև հող չկա, որ գյուղատնտեսությամբ զբաղվեն․ հողը նախօրոք պիտի նախապատրաստած լինեին, շատերն էլ  հողը վարձակալությամբ ուրիշի են տվել։ Բացի այդ, մեծ խնդիր է առաջացել պարարտանյութերի  ձեռք բերման։

«Խնդիր կա նաև գյուղատնտեսության հետ, մինչև հիմա պարարտանյութերի պահանջարկի գրեթե 50, եթե ոչ ավելի տոկոսը չի եկել, ինչ պետք է լինի վիճակը․․․ Պարարտանյութը ներկրվում է Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ինչքան էլ ասում են՝ նորմալ է բեռնափոխադրումը, կա վիճակագրություն, որ պարարտանյութը չի գալիս, մարդկանց չի հասնում։ Ընդամենը մեկ ամսվա մեջ  վրացական պարարտանյութի մեկ պարկը 1500 դրամով թանկացավ, իհարկե, եթե կարողանան ձեռք բերել։ Կարտոֆիլի ցանքատարածությունների համար է պետք պարարտանյութը, առանց պարարտանյութի կարտոֆիլ չի մշակվում, գարի պիտի ցանեն, մոտեցավ աշնանացան ցորենի սնուցման ժամանակաշրջանը։ Տխուր վիճակ է, շատ մտահոգվելու։

Գյուղատնտեսությանը միշտ պետք է տեր լինել, ոչ թե այսպիսի վիճակներ լինեն, նոր մտածեն, թե գյուղատնտեսությունը սննդի անվտանգություն և ապահովվածություն է։ Մեզ հանգիստ չպիտի թողնեն, երկրում վարելահողերի 40-45 տոկոսը չի մշակվում, եթե գոնե դրա կեսը կարողանանք մշակել, հացահատիկ ստանանք, գոնե  մոտ 2,5 միլիոն  տոննա հանրապետության համար լրացուցիչ հացահատիկի բազա կլինի, կարելի է հացահատիկի պահանջը բավարարել։

Հիմա բողոքում են, որ հացի գինն է թանկանում, հաց մթերողները նախկինում 120 դրամով ցորեն չէին ուզում տանել մեզանից, հիմա 140-150 դրամով խնդրում են, որովհետև խնդիր է, բնականաբար, բեռնափոխադրումները դժվարացել են դրսից»,-ասաց Վարդան Իկիլիկյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ shantnews.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ապշելու բան է: Մարդու ուղեղում չի տեղաւորւում: Հայաստանից բազմահազար կիլոմետր ճամփայ են կտրում, գնում հասնում յետամնաց Յակուտսկ, Սախալին, Վլադիվոստոկ չնչին փողի համար: Մինչդեռ Հայաստանում հազարաւոր հեկտար հողեր մնում են անմշակ, պետութիւնն էլ գիւղատնտեսական վարկեր է տալիս, տարբեր ձեւերով խրախուսում: Փոխանակ խելք խելքի տան, ի մի գան ու «խելացի» գիւղատնտեսութեամբ զբաղուեն:

    ՅԳ. Մի գրամ խղճի խայթ չեմ զգում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930