Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկի ներկայացուցիչ. «Ոչ ոք ոչ մեկին չի դրդում վարկ վերցնել»

Ապրիլ 15,2020 17:50

Կառավարության առաջարկած ծրագրերի զգալի մասում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դրդում են դիմել նոր վարկերի համար. արդոք սա ռիսկեր չի՞ ստեղծում հետճգնաժամային շրջանում ֆինանսական կայունության տեսանկյունից: Կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսում պատասխանելով այս հարցին՝  Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ համաձայն չէ այս պնդման հետ. «Ոչ ոք ոչ մեկի չի դրդում վարկեր վերցնել: Ընդհակառակը, մեր կառավարությունը եւ բազմաթիվ երկրների կառավարություններ հնարավորություն են ստեղծել բիզնեսների համար, որպեսզի կարողանան օգտվել ֆինանսական ռեսուրսներից:

Ճգնաժամերի ժամանակ սովորաբար իրական հատվածի կազմակերպություններն ունենում են իրացվելիության խնդիր, եւ ՀՀ կառավարությունը ստեղծել է օժանդակության ծրագրեր, որոնք հնարավորություն կտան կազմակերպություններին լրացնելու իրենց իրացվելիության բացը եւ օժանդակելու նրանց՝ ֆինանսական ռեսուրսների հասանելիությունն ապահովելու համար»:

Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ բավականին մեծ ակտիվություն է նկատվում. «Շատերը կամավոր, առանց որեւէ մեկի դրդման դիմել են մեր առեւտրային բանկերին, որոնք այս գործընթացում հանդիսանում են միջնորդներ՝ ֆինանսական ռեսուրսները հասանելի դարձնելու համար: Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք դիմել են՝ օգտվելու կառավարության աջակցության ծրագրերից, որոնք բավականին հաջող են»:

Իսկ որքանո՞վ է արդյունավետ զրո տոկոսով վարկերի տրամադրումը, այն դեպքում, երբ փաստացի արգելվում է կամ հնարավոր չէ տրամադրված գումարը շրջանառել, ստացվում է՝ կազմակերպությունը վարկ է վերցնում, հոգում է արտակարգ դրության ժամանակ իր կուտակած ծախսերը՝ մասնակի կամ ամբողջությամբ, սակայն արտակարգ դրությունից հետո կրկին հայտնվելու է ճգնաժամային վիճակում: Այս հարցին պատասխանելիս Անդրանիկ Գրիգորյանը եւս մեկ անգամ նշեց, որ սա հնարավորություն է կազմակերպություններին իրենց իրացվելիության բացը լրացնելու:

«Այս պահին կազմակերպությունների հիմնական մասը գործունեությունը դադարեցված է, ինչը, բնականաբար, արված է ժողովրդի առողջության ապահովման համար, եւ շատ ավելի բարձր նպատակ է: Կառավարության օժանդակության ծրագիրն այս դեպքում նպատակ ունի ապահովելու իրացվելիություն, որպեսզի հատկապես այն կազմակերպությունները, որոնք ստիպված հարկադիր պարապուրդի են ուղարկել իրենց աշխատակիցներին, կարողանան աշխատավարձ վճարել:

Միեւնույն ժամանակ, այն կազմակերպությունները, որոնք ունեն նոր նախաձեռնումներ, խնդիր՝ շրջանառու միջոցների, հումքի ձեռքբերման, հարկերի վճարման, իրենց համար ստեղծված է հնարավորություն, որպեսզի օգտվելով այս ծրագրերից, զուտ շարունակեն սպասարկել տնտեսությանը, իրենց գործունեությունն իրականացնեն, աշխատակիցներին ապահովեն աշխատավարձով, ունենան ապրուստի միջոց:

Ես չեմ կարծում, որ զրո տոկոս տոկոսադրույքով, երբ սուբսիդավորում կա, ընդ որում, եթե ուշադրությամբ նայենք կառավարության ծրագրերը, ապա կտեսնենք, որ հենց Կառավարության առաջին ծրագրով վարկը զրո տոկոս կդառնա այն դեպքում, երբ աշխատավարձի համար է»,-շեշտեց Անդրանիկ Գրիգորյանը:

Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենը նշեց, որ կառավարության ծրագրերին արդեն դիմել է ավելի քան ութ հարյուր կազմակերպություն, նպատակներն էլ բազմազան են՝ աշխատավարձ, հումք նյութեր, սարքավորումներ եւ այլն:  Նրա խոսքով՝ ընդհանուր բավարարվել է 220 հայտ, որի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ տասը միլիարդ դրամ, ինչը համարում է բավականին լավ ցուցանիշ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930