«Պետական կառավարման համակարգում մեծամասամբ հին կադրեր են աշխատում, ինչի համար մեր իշխանությունը հանդիպում է քննադատության: Պարոն վարչապետ, դուք ասում էինք, որ հանդիպում եք սաբոտաժի դեպքերի, ի՞նչ եզրակացրիք այս ամենից եւ ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետին նման հարցադրումներ հղեց «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Մակունցը:
«Այն, որ պետական համակարգի մեծամասնությունն իր տեղում է, իմ նախահեղափոխական խոստումներից է: Ասել էի, որ կադրային ջարդ չի լինելու»,-նախ նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա փաստեց. «Մի քանի նոր կադրեր ապացուցել են մի քանի օրում, որ կարող են մտնել գրասենյակ եւ իրենց դնել նախորդի տեղը: Ստիպված եմ եղել իմ նշանակած անձանց, թիմի ամենամերձավոր ներկայացուցիչներին ազատել աշխատանքից: Ցավոք, ունեցել ենք նաեւ դեպք, երբ հիմնավոր կասկածներ կան, դատարանը ցույց կտա, որ նոր կադրերը ներգրավված են եղել կոռուպցիոն գործարքներում»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետական կառավարման համակարգում կան հին կադրեր, որոնք ապացուցել են, որ ունակ են փոխվելու, եւ կան նոր կադրեր, որոնք, ցավոք, ապացուցել են այս ընթացքում, որ իրենց երազածը հների տեղում հայտնվելն է ու նույն գործողություններն անելը:
Ինչ վերաբերում է սաբոտաժի դեպքերին, Փաշինյանն օրինակ բերեց. «Քաղավիացիայի կոմիտեում սաբոտաժի դեպքերին անդրադարձել եմ դեռեւս 2020թ.-ի հունվարին: Դատական համակարգում էլ ունենք խնդիր՝ սաբոտաժային երեւույթներ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ