«Իրավական կրթություն» հասարակական կազմակերպությունը ապրիլի 14-ին՝ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում դիտորդական առաքելություն է իրականացրել 140 դիտորդներով, ավելի քան 100 ընտրատեղամասերում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հ/Կ նախագահ Գոռ Գրիգորյանը։
«Արցախը, լինելով միջազգայնորեն չճանաչված երկիր, ընտրությունները կազմակերպել է միջազգային նորմերի համապատասխան։ Ի տարբերություն Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների առաջին փուլի, երբ մեր դիտարկած ընտրատեղամասերում արձանագրել ենք լուսանկարելու, բաց քվեարկության դեպքեր, միջադեպեր՝ կապված դիտորդների ներկայության անօրինականության և օրինականության հետ, վստահորեն կարող եմ նշել, որ քվեարկության երկրորդ փուլն ընթացել է ավելի հանգիստ»,- ասաց նա՝ հավելելով, որ երկրորդ փուլում մարդկանց կուտակումներ չեն գրանցել։
Ամփոփելով կազմակերպության դիտորդական առաքելությունը՝ Գոռ Գրիգորյանը ասաց. «Չնայած արձանագրված խախտումներին՝ դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Ընտրությունները հիմնականում եղել են խաղաղ, կազմակերպված, ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան։ Պահպանված է եղել ընտրությունների թափանցիկության և մրցակցության սկզբունքը»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ