2016 թվականին Պարեկապահակակետային ծառայության գնդի շենքը գրավելու գործով մեղադրյալներ, «Սասնա Ծռեր» խմբի տասն անդամների գործով նիստին ապրիլի 15-ին մերժվեց ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի պաշտպանների՝ նրանց կալանքից ազատ արձակելու միջնորդությունը:
Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում այս առիթով մտահոգություն հայտնեց ու մանրամասնեց. «Առցանց տարբերակով միջնորդություն էինք ներկայացրել դատարանին, դատարանը քննեց միջնորդությունը և խորհրդակցական սենյակում որոշում կայացրեց մերժել այն: Հրապարակվեց միայն որոշման եզրափակիչ մասը. մերժման պատճառաբանական մասը չհրապարակվեց. չգիտեմ՝ ինչն էր պատճառաբանությունը: Միջնորդության մեջ նշվել էր, որ իմ պաշտպանյալ Արմեն Բիլյանի նկատմամբ բոլոր մեղադրական ցուցմունքները նաև դատաքննության ընթացքում մերժվեցին, քանի որ մեղադրական ցուցմունք տված անձանցից մեկն եկավ դատարան ու ասաց, որ Արմեն Բիլյանն այնտեղ չի եղել, և ինքն այդ ցուցմունքը ինչ-ինչ պատճառներով է տվել, և նախաքննական ցուցմունքները, որոնք նախկինում տվել էր, իրականությանը չէին համապատասխանում»:
Զարուհու Փոստանջյանը փաստեց՝ այդ հիմքը և նաև Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի (CPT) հանձնարարականը, որ կորոնավիրուսի պայմաններում նախնական կալանքի տակ գտնվող անձանց դեպքում խորհուրդ է տրվում կիրառել այլընտրանքային խափանման միջոց, ըստ էության դատարանը հաշվի չառավ:
Զարուհի Փոստանջյանը շարունակեց. «Այս երկու հիմքերն ավելացել էին նախորդ հիմքերին, որոնք նախկինում ներկայացվել էին, սակայն մերժվեցին: Խնդրել էի, որ գրավ կիրառվեր՝ որպես խափանման միջոց, մինչդեռ միջնորդությունը մերժվեց»:
Կարդացեք նաև
Նշենք, որ կալանքի տակ կշարունակի մնալ նաև Սմբատ Բարսեղյանը: Մերժվեց նաև նրա պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 20-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ