Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Գրիգորյան. «Կենտրոնական բանկը արտարժույթի շուկային ծայրահեղ դեպքերում է միջամտում»

Ապրիլ 15,2020 17:11

«Դեռեւս 2019թ. վերջին արդեն ֆինանսական համակարգը բավականին հաջող տարի փակեց, եւ լավ տեմպեր էին 2020թ. մինչեւ կորոնավիրուսի ի հայտ գալը, եւ մինչեւ այս ճգնաժամի սկսվելը՝ ֆինանսական համակարգի համար կային լավ հիմքեր, որպեսզի համակարգը փորձի բազմաթիվ քայլերի միջոցով օգնել տնտեսությանը, օգնել հաճախորդներին՝ գլուխ բերելու այս կորոնավիրուսային ճգնաժամը:

Դեռեւս մարտի սկզբին կային որոշակի նշույլներ, որ կորոնավիրուսային ճգնաժամը կարող է ունենալ ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա, դրա համար ԿԲ-ն ֆինանսական համակարգի հետ սկսեց ամենօրյա շփումներ ու քննարկումներ՝ հնարավոր քայլերի ուղղությամբ, որպեսզի օգնենք մեղմելու ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա: Հիմնական քայլերից մեկն այն էր, որ Բանկերի միության կողմից համատարած  հայտարարություն տարածվեց, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները պատրաստ են հաճախորդների հետ աշխատել անհատական մոտեցմամբ, որպեսզի վերանայեն նրանց վարկային պայմանները, իրականացնեն ժամկետների երկարաձգում եւ այլն»,-կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:

Նրա ձեւակերպմամբ, այս ամենն իրականացվել է պայմանով, որ հաճախորդները մոտակա երկու-երեք ամիսների ընթացքում չունենան որեւէ խնդիր՝ իրենց վարկային պատմության հետ կապված եւ հետագայում էլ՝ վարկային բեռի մեծացման առումով:

«Միեւնույն ժամանակ, որպեսզի էլ ավելի խթանվի տնտեսության ֆինանսավորումը բանկերի կողմից, Կենտրոնական բանկը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 կետով, որը նման իրավիճակներում որոշ երկրների կողմից դիտարկվում է ոչ սպասված քայլ, բայց ամեն դեպքում ԿԲ-ն իրականացրեց այս քայլը՝ էլ ավելի խթանելու տնտեսական ակտիվությունը: Այնուհետեւ տեսանք, որ շատ երկրներ նույնպես գնացին նմանատիպ քայլի:

Կենտրոնական բանկն աշխատեց բանկերի հետ, եւ նրանք նույնպես հայտարարություն տարածեցին, որ հիպոթեկային վարկերը, բիզնես վարկերը վերանայվեն, այնպես, որ հնարավորություն տրվի հաճախորդներին մինչեւ վեց ամիս ժամկետով երկարաձգել մարումները կամ այդ ժամկետում մարումներ չկատարել, ինչը հնարավորություն կտա կուտակել լրացուցիչ կանխիկ միջոցներ՝ խնդիրները լուծելու համար:

Բանկերի հետ աշխատանքի արդյունքում որոշում կայացվեց որոշակիորեն վերանայել բանկերի կարգավորման ռեժիմը, ինչը հնարավորություն կտա բանկային համակարգին ավելի ճկուն կերպով սպասարկել տնտեսությանը եւ տրամադրել վարկեր, իրականացնել կառավարության օժանդակության ծրագրերի ընթացիկ հոսքը դեպի տնտեսություն»,-ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենը:

Հավելեց, որ  ֆինանսական համակարգը բավական կապիտալով հագեցած է, ցանկացած պահի ի զորու է սպասարկելու տնտեսությանը, սակայն, այնուամենայնիվ, ԿԲ-ն կրկին հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական համակարգին ապահովելու համապատասխան իրացվելիությամբ: «Կցանկանայի եւս մեկ խնդիր շեշտել, որպեսզի բանկային, ֆինանսական համակարգի մեր հաճախորդները շարունակեն գործել «մնա տանը» ռեժիմով, դրա համար հորդորում եմ, որ մեր քաղաքացիներն իրենց ֆինանսական ծառայություններն իրականացնեն առցանց հարթակի միջոցով: Բոլոր բանկերն ունեն նման հնարավորություններ, հեռախոսային հավելվածներ եւ օնլայն  հարթակներ: Եթե քաղաքացիները չունեն առցանց հարթակներից օգտվելու փորձ, կարող են հանգիստ զանգել բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների թեժ գծերին, եւ վերջիններս պատրաստակամորեն ցույց կտան, թե ինչպես օգտվել նման ծառայություններից»,-ընդգծեց բանախոսը:

Հարցին՝  Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է կանխատեսումները կայունից բացասականի անցումով, ի՞նչ գնահատական կտա իբրեւ ԿԲ ներկայացուցիչ, Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց. «Այս խնդիրը բնորոշ  է ոչ միայն Հայաստանին, այլեւ բոլոր երկրներին, Fitch-ը վերանայել է ԱՊՀ գրեթե բոլոր եւ բազմաթիվ այլ  երկրների ֆինանսական համակարգերի  վարկանիշները, իսկ «Մուդիսը» դեռեւս սպասում է, քայլեր չի ձեռնարկել, որովհետեւ բավականին մեծ են անորոշությունները:

Համենայն դեպս, սա բնորոշ չէ միայն Հայաստանին եւ չի խոսում Հայաստանում ռիսկի ավելացման մասին: Մենք տեսնում ենք համատարած ռիսկի մակարդակի բարձրացում, ինչը նորմալ է նման գլոբալ ճգնաժամի պարագայում: Մենք ունենք միայն հեռանկարի փոփոխություն՝ կայունից դեպի բացասականի, ինչը կարծում եմ այս իրավիճակում այդքան էլ վատ չէ»:

Հարցերից մեկը վերաբերում էր արտարժութային շուկայում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես նրան, թե արտարժույթում ինչ շարժեր են կատարվում: «Մենք միշտ ասել ենք եւ շարունակում ենք պնդել, որ մեզ մոտ արտարժույթի շուկան, փոխարժեքը ազատ լողացող է, եւ ԿԲ-ն միջամտում է արտարժույթի շուկային միայն ծայրահեղ դեպքերում՝ հարթեցնելու համար շուկայի պոտենցիալ կամ հնարավոր խիստ տատանողականությունը: Վերջին դեպքերը նույնպես բացառություն չեն: Արդեն որերորդ ճգնաժամն է, ու մենք տեսնում ենք, որ մեզ մոտ տեղի են ունենում սպեկուլյատիվ տատանումներ, եւ փոխարժեքի կտրուկ փոփոխություններ: Մեր հորդորն է՝ չտրվել կարճաժամկետ տատանումների նկատմամբ տարբեր սպասումներ ձեւավորելուն: Պետք է հավատալ մեր դրամին, մեր քաղաքականությանը:

Ինչպես տեսնում եք, մենք այս պահին ունենք վերադարձ բնականոն նորմալ ֆինանսական շուկայի ընթացքին, որը  ունեցել ենք դեռեւս ճգնաժամից առաջ: Կտրուկ տատանումներին պետք չէ տրվել, պետք է աշխատենք դրամով, մտածենք դրամով»,-ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930