Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը Քաղավիացիայի խնդիրների մասին հարցրեց. «Ավիացիայի ղեկավարն իր ասուլիսում էլ փաստեց, որ եղել են բազմաթիվ բացթողումներ, ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է պատասխանատվություն կրում այդ բացթողումների համար ու ինչքա՞ն է կազմում վնասը, կառավարությունը ի՞նչ է ձեռնարկում՝ վնասը վերականգնելու համար»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան մեջբերեց Հաշվեքննիչ պալատի՝ 2019-ի աշնանն իրեն տված տեղեկանքից. «01.10.2018-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված են ՀՀ-ից դուրս, որից տասը աֆրիկյան երկրներում՝ Հարավային Սուդան, Չադ: Աֆրիկյան երկրներում բազավորված օդանավերը հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ: Ավիացիայի վարչությունը պարբերաբար ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ՄԱԿ-ից ստացել է անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարման գրություններ: Ներկայացվել են նաեւ տեղեկատվություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերը աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրություններում: Գրությունները կցվում են»:
Սա մեջբերելով՝ վարչապետը բացատրեց, թե ինչ է տեղի ունեցել ու ինչու է սկանդալային քննարկում սկսվում. «Տեղի է ունեցել այն, որ եվրոպական համապատասխան հանձնաժողովը արձանագրել է, որ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը ՀՀ-ում: Սա մեկնաբանությունների տեղիք է տալիս, այս տեղեկանքում ներկայացված է, թե ինչու չի կարողանում վերահսկել: Որովհետեւ Աֆրիկայում բազավորված օդանավեր ունենք, բայց մեր կարգավորումներով չունենք լծակներ պարտավորությունները կատարելու ու դրա արդյունքում տեղի են ունեցել մի շարք զարգացումներ: Բացի այդ, ես եւս այսպիսի դրվագ եմ ուզում ներկայացնել՝ 2019-ի աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիաընկերություններից մեկը ու նախնական նախազգուշացնող նամակ է ուղարկել Քաղավիացիայի կոմիտե: Ավիացիայի այդ պաշտոնյան, որը պարտավոր էր անմիջապես զեկուցել Ավիացիայի կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել ու ավիացիայի կոմիտեի ղեկավարը այդ տեղեկանքի մասին իմացել է երկու ամիս անց՝ Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ: Իրեն դրա մասին տեղյակ են պահել իր եվրոպացի կոլեգաները: Երբ պարզաբանումների պրոցես է սկսվել, թե ինչու չի զեկուցվել, արդյունքում այդ աշխատողն ազատվել է աշխատանքից եւ գործնականում մի քանի օր հետո աշխատանքի է անցել այն ավիաընկերությունում, որը ստուգվել է ու որտեղ խախտումները ներկայացվել են»:
Հարցին՝ կա՞ն հարուցված քրգործեր՝ վարչապետը պատասխանեց, որ երկու քրգործ կա ու դրանցից մեկը կապված է իր նշած դրվագի հետ. «Ամբողջ աշխարհում ավիացիայի համար լիցենզիաներ տրվում են վճարովի հիմունքներով: Հայաստանի Քաղաքացիական ավիացիան իր գործառույթներն իրականացնում է անվճար, քանի որ այդպիսի կարգավիճակ ունի, չի կարող վճարովի գործունություն վարել: Հիմա մտածում ենք կարգավիճակը փոխել, որ ինքնածախսածածկ ընկերություն լինի այնպես, ինչպես կադաստրը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ