Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան. «Պարոն Սիմոնյանը պետք է հարգի Սահմանադրությունը և երաշխավորի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու գործունեության ազատությունը»

Ապրիլ 15,2020 17:00
Ejmiacin

Ապրիլի 14-ին Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր գրառման մեջ նշել է, որ ՀՀ հազարավոր քաղաքացիներ պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխությունը, գուցե ակնարկելով, որ արտակարգ դրության ավարտից հետո, Ազգային ժողովը կարող է նույնիսկ ինչ-որ գործընթաց նախաձեռնել այդ հարցով։

Այս կապակցությամբ, պարոն Սիմոնյանին ցանկանում եմ հիշեցնել հետևյալը՝

ա) Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 17-ի

1.Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

2.Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա, պարոն Սիմոնյանը պետք է հարգի Սահմանադրությունը և երաշխավորի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու գործունեության ազատությունը, և իր հայտարարություններով չփորձի միջամտել նրա գործունեությանը։

բ) Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 18-ի

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Լինելով բարձրաստիճան պետական պաշտոնյա, պարոն Սիմոնյանը պետք է ևս մեկ անգամ հարգի Սահմանադրությունը և ճանաչի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի հոգևոր կյանքում, և չփորձի նսեմացնել այն՝ եկեղեցու վեհափառ հայրապետին ուղղված արհամարհական արտահայտություններով։

Որպես հայ քրիստոնյա, լրացուցիչ իմ կողմից նշեմ, որ եկեղեցին ոչ միայն նրա հովիվներն են, այլևս ինձ պես բազմաթիվ հավատավոր մարդիկ, և եկեղեցուց դուրս որևէ մեկը իրավունք չպետք է վերապահի իրեն մեր անունից խոսել, կամ էլ մեզ ցուցումներ տալ։
Իրականացրեք Սահմանադրությամբ ձեզ վերապահված լիազորությունները, և մի փորձեք դուրս գալ դրանց շրջանակներից, դուք դրա հետևանքները կարծես լավ չեք գիտակցում։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930