«Թեև ընտրական օրենսդրությամբ նախատեսված չէ տեսախցիկների տեղադրումը, և դա պետության պոզիտիվ պարտականությունը չէ, շատ ողջունելի է դրանց տեղադրումը»,- ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նա նշեց, որ ամեն երկրորդ արցախցի քվեարկել է տեսախցիկներով կահավորված տեղամասերում։
«Դիտարկված երկու տեղամասերում, մեկը՝ Մարտակերտում, մյուսը՝ Ստեփանակերտում, տեսախցիկով ակնհայտ նկատվել են շատ ընտրողների կողմից քվեախցիկում ինչ-որ լրացուցիչ թղթեր շրջանառությունը, ինչը առերևույթ նման է քվեաթերթիկների «կառուսելին»։ Այս դեպքերի վերաբերյալ Արցախի Հանրապետության դատախազություն արդեն ներկայացված է հանցագործության մասին հաղորդում»,- ասաց նա։
Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ ընտրական հանձնաժողովները մեծամասամբ բավականին վատ էին տիրապետում ընտրական օրենսդրությանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներին։ Բայց այնուամենայնիվ, նրանք պատրաստակամ էին աշխատել շրջիկ դիտորդների հետ։
Դանիել Իոաննիսյանը համարում է, որ քվեարկության արդյունքների վերլուծությունը բավականին մտահոգիչ է. «Եթե ընտրությունների առաջին փուլի ժամանակ մասնակցությունը քաղաքային տեղամասերում եղել է 70 տոկոս, իսկ գյուղական համայնքներում՝ 76 տոկոս, այսինքն՝ տարբերությունը 6 տոկոս։ Ապա, երկրորդ փուլում քաղաքային տեղամասերում այն կազմել է 35 տոկոս, գյուղականներում՝ 56 տոկոս, տարբերությունը՝ 21։ Ընդ որում՝ թվով 22 ընտրական տեղամասերում՝ բոլորը գյուղական համայնքներում, երկրորդ փուլում մասնակցությունը եղել է ավելի շատ, քան առաջին փուլում, ինչը ողջամտորեն չունի սոցիոլոգիական կամ քաղաքագիտական բացատրություն»։
Կարդացեք նաև
Նրա գնահատմամբ՝ Արցախի համապետական ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում. «Սակայն, այդ մրցակցության արդարության չափը էապես տարբերվում է ժողովրդավարական հասարակություններում ընտրություններին ներկայացվող պահանջներից։ Ընտրությունների թե նախընտրական ժամանակահատվածում, թե առաջին և երկրորդ փուլերում եղել են խախտումներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ թե Ազգային ժողովի և թե հանրապետության նախագահի քվեարկության արդյունքների վրա»։
Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ առերևույթ էր ընտրախախտումների դեմ պայքարի, դրանց նախականխման և բացահայտման քաղաքական կամքի դեֆիցիտը։
https://www.facebook.com/azatutyun/videos/234742107935157/UzpfSTM4NjQ2OTMxMTQ5NDI0MDoxNjk5MzY0NDMwMjA0NzE1/
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ ԻՔՄ ֆեյսբուքյան էջից