Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում՝ 17 անձի նկատմամբ նախնական կալանքը փոփոխելու միջնորդությունները բավարարվել են. Գոռ Աբրահամյան

Ապրիլ 15,2020 16:33

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՖԲ էջում հայտնում է. «Տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազությունը սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն:

Այդ շրջանակներում մինչև ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ:

Դատախազների որոշումներով արդեն իսկ փոփոխվել են նախաքննության փուլում գտնվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին: Դատական քննության փուլում գտնվող գործերով դատախազների կողմից հրատապության կարգով դատարաններ ներկայացված 17 անձի նկատմամբ նախնական կալանքը փոփոխելու միջնորդությունները բավարարվել են:

Որպես կանոն՝ դատարանների կողմից ևս ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Վերոնշյալ 20 անձանցից 11-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 9-ը՝ այլ ՔԿՀ-ներում:

Դրանցից 13-ը մեղադրվում են սեփականության դեմ ուղղված տարբեր հանցագործությունների կատարման համար, 4-ը՝ անձի դեմ ուղղված, 2-ը՝ բնակչության առողջության դեմ ուղղված, իսկ 1-ը՝ զինվորական հանցագործության:

Միևնույն ժամանակ, քրեակատարողական հիմնարկներից նույն ժամանակահատվածում, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, դատախազության համապատասխան դիրքորոշման պայմաններում պատժից ազատվել է հիվանդություններով տառապող 2 անձ, ևս 2 անձի վերաբերյալ դատախազության միջնորդության արդյունքում դատարանների կողմից ընտրվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի տեսակ:

Գործընթացը շարունակվում է, առկա են դատարաններ ներկայացված՝ անձանց նկատմամբ խափանման միջոց կալանքի փոփոխման միջնորդություններ, որոնցով նախատեսված են դատական նիստեր, ինչպես նաև մշակման փուլում գտնվող միջնորդություններ, քննարկվող գործեր:

Հարկ է ընդգծել նաև, որ դատախազները, ելնելով կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակից և գնահատելով ազատության մեջ հայտնվելու պարագայում մեղադրյալի վարքագծային ռիսկերը՝ առանձին գործերով չեն առարկում վերջիններիս պաշտպանների կողմից դատարաններ ներկայացված՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված կալանքն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոխարինելու միջնորդություններին:

Դատախազությունը չափազանց կարևորում է այս գործընթացի արդյունքում ազատության մեջ հայտնվող անձանց հետագա պատշաճ վարքագիծը և խափանման միջոցների փոփոխության հարցի քննարկման ժամանակ ելակետային է համարում նաև հատկապես քննությունից թաքնվելու և պատասխանատվությունից խուսափելու, նոր հանցագործություն կատարելու ռիսկերը:

Ելնելով դրանից՝ գործընթացի արդյունքում ազատության մեջ հայտնված անձանց տվյալները փոխանցվում են նրանց հետագա գտնվելու, փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներին՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պարտադիր պահանջների կատարման, ինչպես նաև նրանց պատշաճ վարքագծի նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930