«Կարծում եմ, արցախյան ընտրություններն աշխարհի համար օրինակ են, թե ինչպիսին պետք է լինեն ժողովրդավարական ընտրությունները»,- այսօր Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում նման գնահատական տվեց Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում դիտորդական առաքելություն իրականացրած Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
Հիշեցնենք, երեկ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեց արտակարգ իրավիճակի պայմաններում: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մրցում էին նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մարտի 31-ին կայացած ընտրությունների առաջին փուլում Արայիկ Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը: Առաջին փուլից հետո Մասիս Մայիլյանը հանդես եկավ կոչով՝ ընտրողներին հորդորելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը: Երեկ Մասիս Մայիլյանն ինքն էլ չէր մասնակցում քվեարկությանը:
Արցախի ԿԸՀ նախագահի հաղորդած նախնական արդյունքներով Արայիկ Հարությունյանը ստացել 39860 ձայն (84,5 տոկոս), իսկ Մասիս Մայիլյանը՝ 5728 ձայն (12.1 տոկոս):
«Ինչպես մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, այնպես էլ նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցել են ժողովրդավար պայմաններում»,- հայտարարեց Վլադիմիր Զախարովը`հավելելով, որ ինքը հիացած է այս օրերին արցախցիների հետ իր շփումներից. «Շփվելով մարդկանց հետ՝ ես տեսա, որ, մարդիկ ավելի շատ խոսում են Արցախի զարգացման մասին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ