Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքոյանն ԱԺ ամբիոնից եզդիերեն ելույթ ունեցավ, պատգամավորները ծափահարեցին

Ապրիլ 15,2020 16:23

«Այս օրերին իմ եզդի ազգը նշում է իր առանցքային տոներից մեկը՝ տարեգլխի չորեքշաբթին, այն մեր ժողովրդի Ամանորն է»,- այսօր ԱԺ ամբիոնի մոտ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցությունից՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը պետք է զեկուցեր «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների իր նախագիծը:

Մինչ նախագծին անցնելը, Բաքոյանն ասաց, որ եզդի կանանց ու աղջիկներին չպետք է զրկեն կրթվելու եւ զարգանալու հնարավորությունից, պետք է ունենան գրագետ հասարակություն ու մեջբերեց Գարեգին Նժդեհի խոսքերը՝ մայրերի ափերի մեջ պետք է փնտրել սերունդների ճակատագիրը:

Սա ասելուց հետո Բաքոյանը նշեց, որ վարչապետը, ԱԺ նախագահը, ԵԿՄ նախագահը շնորհավորական ուղերձ են հղել եզդի ժողովրդին, ինքն էլ միանալով նրանց՝ ԱԺ ամբիոնի մոտ շնորհավորական ուղերձ հղեց՝ եզդիերեն, որից կոնկրետ մեզ համար հասկանալի էր միայն եզդի բառը: Պատգամավորները համբերատար լսեցին օտարալեզու ուղերձը ու վերջում ծափահարեցին:

Իսկ նախագծով, ինչպես տեղեկացրել ենք, Բաքոյանն առաջարկում է տարեկան 4 անգամ ազգային, կրոնական փոքրամասնություններին արձակուրդ տրամադրել՝ իրենց ազգային տոները կամ հիշատակի օրերը նշելու համար:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ չնայած նախագծի նպատակը հասկանալի է, բայց վատթարացնում է վիճակը, առաջ կարող էին խնդրել, գործատուները կթողնեին գնալ, իրենց տոնը նշել, իսկ օրինագծով չվճարվող արձակուրդի մասին է խոսքը, այսինքն, այդ օրերի դիմաց մարդիկ աշխատավարձ չեն ստանալու: Բաքոյանը պատասխանեց, որ անձամբ իրեն պետական համակարգում աշխատելիս չեն թույլ տվել՝ գնալ տոնը նշելու: Բացի այդ, հայերը եղբայրական վերաբերմունք ունեն եզդիների հանդեպ, բայց նախագծում միայն եզդիների մասին չի խոսքը, այլ նաեւ մյուս ազգային եւ կրոնական փոքրամասնությունների:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց. «Մի բան է, որ ենթադրենք, ես ֆրանկ եմ ու իմ կրոնական տոնը նշելու հնարավորություն պետք է ունենամ, մի ուրիշ բան է, որ ես ֆրանկ չեմ ու ես կարող եմ ասել՝ բայց ես ուզում եմ ֆրանկների հետ գնամ նշեմ այդ տոնը: Այս նախագծով հնարավորություն է ստեղծվում, որ բոլորը այդ տոնին գնան նշելու»:

Ռուստամ Բաքոյանը պատասխանեց, որ եթե մարդը կաթոլիկ է, ինքը կարող է մասնակցել իր կրոնական տոնին, ես, որպես եզդի, իրավունք չունեմ մասնակցել այդ կրոնական տոնին:

«Իմ քայլը» խմբակցությունից Շիրակ Թորոսյանն իր ելույթում ասաց, որ Հայաստանը պետք է էտալոն լինի, թե ինչպես պետք է պաշտպանվեն ազգային փոքրամասնությունների իրավունքները:

Նույն խմբակցությունից Գոռ Գեւորգյանն ասաց, որ Հայաստանում քրդագիտական կենտրոն կա ու կոչ արեց մասնակցել կենտրոնի զարգացմանը:

ԲՀԿ-ական Արման Աբովյանը հիշեց այն եզդիներին, որոնք պատմական կարեւոր պահերին մեր կողքին են եղել, ջարդարարների մեջքն են ջարդել:

Կնյազ Հասանովն ասաց, որ հայ ժողովուրդը ազգային փոքրամասնություններին վերաբերվում է մեծ հարգանքով ու այն, որ ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ կան՝ դա էլ հայ ժողովրդի բարի կամքով է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930