Երեկ մի քանի երթուղագծերի վարորդներ բողոքի ցույց էին անում՝ նշելով, որ կորոնավիրուսի հետեւանքով հայտարարված արտակարգ դրության պատճառով հայտնվել են հարկադիր պարապուրդում եւ, արդեն երկրորդ ամիսն է՝ գումար չեն վաստակում, ոչ էլ ապրուստի միջոց ունեն: Նրանք պահանջում էին թույլ տալ աշխատել:
Այսօր կառավարության մամուլի սրահում այս խնդրին անդրադառնալով՝ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն ասաց՝ իրականում հանրային տրանսպորտը, մետրոպոլիտենը ամենառիսկային փոխադրամիջոցներն են համարվում, եւ այս պարագայում դրանց աշխատանքի թույլատրումը կառաջացնի լրացուցիչ ռիսկեր եւ կօժանդակի համավարակի տարածմանը. «Այդ իսկ պատճառով ներկայումս որոշում է կայացվել վերջիններիս գործունեությունը դադարեցնել»:
Ըստ փոխնախարարի, տեղաշարժի սահմանափակումը միմիայն ուղղված է համավարակի կանխմանը:
Ինչ վերաբերում է վարորդների՝ պարապուրդում գտնվելու հանգամանքին, ապա էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն ասաց, որ տնտեսական աջակցության գործիքները հիմնականում ուղղված են այն ոլորտներին եւ կազմակերպություններին, որոնք տեսանելի են կառավարության համար: «Այսինքն՝ եթե մենք իսկապես տեսնում ենք, որ այդտեղ զբաղվածություն եւ դրամական հոսքեր կան, որը տեսանելի է, ապա աջակցությունը քննարկվում է եւ հնարավորինս հասանելի է դարձվում այդ տնտեսվարող սուբյեկտներին: Մենք, որպես հանրություն, ենթադրում ենք, որ բոլորին պետք է օգնենք: Բայց եթե մենք չենք տեսնում, որ այդ անձը եղել է տնտեսվարող սուբյեկտ՝ օգնելը շատ բարդ է լինելու: Եթե մեզ առաջարկեն մեխանիզմ, որով հնարավոր է այդ մարդկանց իդենտիֆիկացնել, խնդրեմ, եկեք քննարկենք, եթե չկա, ավելի շատ պետք է խոսենք սոցիալական աջակցության փաթեթների մասին»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ