Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելացել են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքերը. Շիրակի մարզի դատախազը միջնորդագրեր է հասցեագրել ՃՈ պետին և մարզպետին

Ապրիլ 15,2020 15:59

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019թ. ընթացքում և 2020թ. առաջին եռամսյակում մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) հանցավոր խախտումների վիճակագրությունը և պատճառները:
2019թ. մարզի տարածքում արձանագրվել է ՃԵԿ խախտումների 209 դեպք, որոնց հետևանքով մահացել են 19 անձ, մարմնական վնասվածքներ ստացել 306 անձ:

Ընդ որում՝ 2020թ. առաջին եռամսյակում արձանագրվել է ՃԵԿ խախտումների 47 դեպք, որը 4-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 2020թ. 3 ամիսներին 14%-ով ավելացել է ՃԵԿ խախտումների հետևանքով մարմնական վնասվածներ ստացած անձանց թիվը՝ (2019թ. 64 անձ, 2020թ.՝ 73):

Անհանգստացնող է այն հանգամանքը, որ ՃԵԿ խախտումներում ավելանում է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքերի տեսակարար կշիռը: 2018թ. ընթացքում արձանագրվել է 5 դեմք, երբ ոչ սթափ վիճակում վարելու արդյունքում առաջացած պատահարների հետևանքով 8 անձ ստացել է մարմնական վնասվածքներ: Մինչդեռ 2019թ. կրկնակի ավելի՝ 10 նման դեպք է եղել՝ որոնց հետևանքով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ է ստացել 13 անձ։

Եթե 2019թ. առաջին եռամսյակում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 99 դեպք, ապա 2020թ.՝ 149 կամ մոտ 50%-ով ավելի:

Խիստ մտահոգիչ է նաև արագության գերազանցման հետևանքով առաջացող պատահարների կտրուկ՝ շուրջ 5 անգամ աճը: 2019թ. արձանագրվել է 89 նման դեպք, որոնց հետևանքով մահացել է 13 անձ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել` 136-ը: Դա այն դեպքում, երբ 2018թ. արագության գերազանցման հետևանքով 17պատահար է եղել, որոնց հետևանքով 4 անձ է մահացել, իսկ 24-ը ստացել մարմնական վնասվածքներ։ Ընդ որում՝ մահվան ելքով դեպքերից 3-ով վարորդները չեն ունեցել վարորդական իրավունքի վկայականներ։

ՃՏՊ դեպքերով վերոնշյալ միտումները պայմանավորված են նախ՝ վարչական իրավախախտումների նախականխման ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկելու, ՃՈ աշխատակիցների վերակարգերը ոչ արդյունավետ տեղաբաշխելու, գիշերային ժամերին, առավել հաճախ արձանագրված ՃՏՊ-ների վայրերում ուժեղացված և համակարգված ծառայություն չիրականացնելու հանգամանքներով:
Նպաստող հանգամանք է նաև այն, որ Գյումրիի, Արթիկի և Մարալիկի կենտրոնական հրապարակներում, Գյումրիի՝ մի քանի փողոցներում կարգազանց վարորդները երթևեկում են բարձր արագությամբ՝ երբեմն մրցակցելով, կամ, չեն եթարկվում լուսացույցի ազդանշաններին:

Բացի այդ, հաճախ միկրոավտոբուսները, տաքսի ծառայություններին ամրակցված տրանսպորտային միջոցները տրամադրվում են անհրաժեշտ կարգի վարորդական իրավունքի վկայականներ չունեցող անձանց: Պարզվել է, որ որոշ դեպքերում կոնկրետ օնլայն տաքսի ծառայությունում աշխատում են վարորդական իրավունքի վկայական չունեցող վարորդներ, որոնց ավտոմեքենաներով կատարված ՃԵԿ խախտումների արդյունքում անձինքն մարմնական վնասվածքներ են ստացել։

Այս հանգամանքների վրա ուշադրությունը հրավիրելու և դրանցից բխող միջոցառումներ իրականացնելու նպատակով 2019թ. երկու անգամ Շիրակի մարզի դատախազության կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությանը: Սակայն ՃԵԿ հանցավոր խախտումների դեպքերը ավելացել են:

ՃՏՊ-ների մի զգալի մասին նպաստում են նաև ճանապարհների՝ երթևեկության նշաններով անբավարար կահավորվածությունը, գծանշումների բացակայությունը, թույլ տեսանելիությունը, ասֆալտի անմխիթար վիճակը:

Ճանապարհների որոշ հատվածներում առկա են երկար ժամանակ բաց մնացող դիտահորեր, առանձին հատվածներում առաջացած փոսերն ու անհարթությունները չեն վերացվում: Միջհամայնքային կամ համայնքները հիմնական ճանապարհներին միացնող խաչմերուկներում բացակայում է լուսավորությունը՝ անգամ այն հատվածներում, որտեղ նախկինում արձանագրվել են բազմաթիվ, այդ թվում մահվան ելքով պատահարներ:

Ելնելով առկա իրավիճակից՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետին և ՀՀ Շիրակի մարզպետին՝ իրենց իրավասության շրջանակներում հնարավորինս օպերատիվ կերպով նախաձեռնելու ՃՏ պատահարների, հանցագործությունների կատարմանը նպաստող վերոնշյալ պատճառների վերացմանը, կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն ներգրավվելու դրանց քննարկմանը:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930