Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսանյութերում երևում է՝ տուժողին ոչ մեկը չի հորդորում սուտ ցուցմունք տալ: Կքննարկվի Արմեն Թավադյանի դեմ երկու գործերը միացնելու հարցը». Հովհաննես Խուդոյան

Ապրիլ 15,2020 15:23

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի գործով առաջին դատական նիստին՝ ապրիլի 15-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը որոշեց գործի նյութերն ուղարկել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին:

Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ դատական նիստին ներկա են եղել բոլոր կողմերը՝ բացի Արմեն Թավադյանից, քանի որ ինքն է խնդրել իր պաշտպանյալին նիստին չմասնակցել՝ համաճարակից ելնելով:

Հիշեցնենք՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:

Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նոր հանգամանքներ են գործում ի հայտ եկել հավաստելու իր այն պնդումը, որ Արմեն Թավադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է կարճվի, նա պատասխանեց. «Գործի նյութերին ծանոթանալն էլ նոր հանգամանքներ բացահայտեց, երբ տեսանք, որ գործում առկա են ապացույցներ, որոնք լրիվ հակառակ բանն են հիմնավորել: Բայց քննչականը մեղադրանք է առաջադրել»:

Հովհաննես Խուդոյանին խնդրեցինք մասնավորեցնել՝ ի՞նչ ապացույցներ, նա ասաց. «Մասնավորապես տեսանյութերը, որտեղ երևում է, որ այդ տուժողին ոչ մեկը չի հորդորում սուտ ցուցմունք տալ, հակառակը խնդրանք է եղել ոչ մեկին չլսելու տալ այնպիսի ցուցմունք, ինչպիսին ինքը գիտի, որ ճիշտ է»:

Հովհաննես Խուդոյանն ասաց, որ գործի նյութերն այլ դատավորի փոխանցելուն իրենք չեն առարկել, բայց միևնույն ժամանակ նշեց, որ նման ընթացակարգ իրեն հայտնի չէ ու մանրամասնեց. «Արթուր Մկրտչյանը որոշեց գործի նյութերը փոխանցել դատավոր Կարեն Ֆարխոյանին, քանի որ վերջինիս վարույթում մեկ գործ էլ կա Արմեն Թավադյանի մասնակցությամբ, որ քննարկվի այդ երկու գործերը միացնելու հարցը: Մենք դրան չենք առարկել՝ չնայած իրավական հիմքերն այստեղ վիճահարույց են. ընթացակարգը չեմ պատկերացնում: Նման ընթացակարգ չկա հստակ ձևակերպված, թե ոնց պետք է մի դատավորի վարույթից գործը փոխանցվի մեկ այլ դատավորի, եթե ինքնաբացարկ չկա կամ առողջական խնդիր չկա: Որոշակի տրամաբանություն կա դրա մեջ, բայց իրավական ընթացակարգ ինձ հայտնի չէ»:

Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է այս ընթացակարգի պատճառով ձգձգվի գործի քննությունը, փաստաբանն արձագանքեց. «Գործի քննությունը՝ որպես այդպիսին այսպես թե այնպես ձգվելու էր: Հաջորդ նիստով դատավոր Ֆարխոյանը կորոշի՝ միացնո՞ւմ է երկու գործերը, թե՝ ոչ: Այսինքն՝ այսպես թե այնպես գործը ձգվելու էր, քանի որ գործի նյութերի թարգմանությունները պարոն Թավադյանին չէին տրամադրվել»:

Նշենք, որ հաջորդ դատական նիստը դեռ նշանակված չէ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930