Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյան. «Մեր քաղաքական թիմի համար երկրորդ փուլի արդյունքները չեն ունեցել և չունեն բացարձակապես ոչ մի նշանակություն»

Ապրիլ 15,2020 15:26

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերահաստատում եմ ապրիլի 5-ին արած իմ հայտարարությունը արդեն իսկ կայացած համապետական ընտրությունների նկատմամբ մեր հանրության ունեցած ակնկալիքների և առկա իրողությունների մասին։

Մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմակիցներին, ինձ սատարած բոլոր քաղաքական ուժերին ու քաղաքական գործիչներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին: Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում իմ նախընտրական կենտրոնական շտաբի համակարգող Գրիգորի Սահակյանին։

Առաջին փուլում իմ ստացած ավելի քան 26% քվեները լուրջ հաջողություն եմ համարում՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնցում անցկացվել են ընտրությունները, ներառյալ՝ ինձ ու իմ քաղաքական թիմին հայտարարված տեղեկատվական պատերազմը, որն, ի դեպ, շարունակվում է ցայսօր։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը զուտ տեխնիկական բնույթ ուներ և անցկացվել է այն պայմաններում, երբ արդեն ճանաչվել էր Արցախում կորոնավիրուսով հիվանդների առկայությունը և հայտարարվել էր արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Մեր քաղաքական թիմի համար երկրորդ փուլի արդյունքները չեն ունեցել և չունեն բացարձակապես ոչ մի նշանակություն, հակառակ պարագայում մենք առաջին փուլից հետո չէինք դադարեցնի նախընտրական արշավը, չէինք փակի մեր նախընտրական շտաբները և չէինք հեռացնի քարոզչանյութերը։ Երկրորդ փուլից առաջ մենք հատկացված անվճար եթերաժամանակն ընդամենը օգտագործել ենք զանգվածային կուտակումների վայրերում կորոնավիրուսի համավարակի տարածման վտանգի պատճառով քաղաքացիներին կոչ անելու համար, որպեսզի չմասնակցեն քվեարկությանը։

Երկրորդ փուլի քվեարկությանը չմասնակցելու կոչերն անարձագանք չեն մնացել։ Առաջին փուլի համեմատ մոտ 30 հազար քաղաքացիներ ապրիլի 14-ին չեն մասնակցել քվեարկությանը և մնացել են տանը՝ նվազեցնելով համավարակի տարածման վտանգը։ Այս առումով միանգամայն ուսանելի է հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչների արձագանքը։ Ուզում եմ հավատալ, որ այս փորձության հետևանքները կորստաբեր չեն լինի մեր հանրության համար։

Որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար հաշվի առնելով անցկացված համապետական ընտրությունների արտաքին-քաղաքական կարևորությունը, ինչպես նաև ի գիտություն ընդունելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը, հաջողություն եմ մաղթում Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ Արայիկ Հարությունյանին։

Համավարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով քաղաքացիներին կոչ եմ անում հետընտրական ժամանակահատվածում իրենցից կախվածն անել պատկան մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների արդյունավետությունն ապահովելու համար։ Հաջողություն եմ մաղթում նաև Արցախի գործող և ձևավորվող իշխանություններին՝ համավարակին և դրանից ածանցյալ նոր մարտահրավերներին դիմակայելու գործում։ Մեր քաղաքացիների առողջության պահպանումը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխումը վեր է ամեն ինչից։

Առողջ եղեք, խնայեք ու պահպանեք ձեզ հանուն գալիք լուսավոր օրերի։

Աստված մեզ պահապան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930