Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյանն առ այսօր ապացուցված ընտրակաշառքի որևէ դեպքի մասին չգիտի

Ապրիլ 15,2020 15:14

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ խումբ են ձևավորել, որը հետևել է քարոզչության և ընտրության առաջին և երկրորդ փուլերի ընթացքին՝ լրատվամիջոցներով և սոցցանցերով։ Նա հավելեց, որ ՄԻՊ-ը տեղամասերում դիտորդություն անելու լիազորություն չունի։

«Քարոզչության ժամանակ մի քանի բողոքներ ենք ստացել, նաև հրապարակային ահազանգեր։ Մեզ ուղղված բողոքները եղել են հիմնականում՝ պաստառները ոչ համապատասխան վայրերում փակցնելու, պաստառները վնասելու և համայնքապետերի գործողությունների վերաբերյալ՝ հիմնականում՝ ոչ անկողմնակալ պահվածքին։ Բայց ավելի լայն առումով, որ վերցնենք, մեր հրապարակային աղբյուրների դիտարկումները ցույց են տալիս, որ զանգվածային խնդիր կար հանրային ծառայողների վարքականոնի հետ կապված, որը ընդհանուր առմամբ, մեր տպավորությամբ կապված է այդ վարքականոնը լավ չիմանալով և վատ պրակտիկայով»,- ասաց նա։

ՄԻՊ գրասենյակը ահազանգեր է ստացել նաև հրապարակային տարբեր իրավախախտումների վերաբերյալ, հատկապես՝ ընտրողի ազատ կամքի և դրա վրա ազդեցության վերաբերյալ։ Բայց ըստ Արտակ Բեգլարյանի՝ այդ ահազանգերի ճնշող մեծամասնությունը որևէ կոնկրետացում չի ունեցել. «Ես հրապարակային աղբյուրների հիման վրա քարոզչության շրջանում չորս դեպքով ընդունել եմ սեփական նախաձեռնությամբ քննարկում։ Դրանցից մեկը եղել է վարչական լծակի կիրառման վերաբերյալ ահազանգ, որը քիչ թե շատ որոշակի կոնկրետացում էր ենթադրում։ Բոլոր չորս դեպքերը ուղարկել եմ դատախազություն։ Չորսից երկու դեպքով քրեական գործ է հարուցվել, մեկ դեպքով, որը վարչական լծակի կիրառման ահազանգն է, քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ չի ապացուցվել, որ նմանատիպ դեպք է եղել։ Եվ մեկ դեպքով տեղյակ եմ, որ նյութեր են հավաքագրվում»։

Անդրադառնալով քվեարկությանը՝ Արտակ Բեգլարյանը ասաց, որ 18 ահազանգ են ստացել, որոնք ներկայացրել են Գլխավոր դատախազությանը և դրանցից 7-ով քրեական գործ է հարուցվել, մի մասով նյութեր են հավաքագրվում. «Ողջունելի է, որ քվեարկության օրից հետո հատկապես, Գլխավոր դատախազությունում պրակտիկա է փոխվել։ Եվ ընտրական գործընթացների վերաբերյալ ահազանգերը, հաղորդումները ընթացքավորվում են նաև քրեական գործերի շրջանակներում։ Այսինքն՝ հենց առիթն ու հիմքն առկա են, քրեական գործեր են հարուցվում, ինչը ապահովվում է տվյալ քննության արդյունավետությունը և օպերատիվությունը։ Տեղյակ եմ, որ արդեն ընտրական գործընթացների վերաբերյալ 18 քրեական գործ կա հարուցված։ Ես իմ լիազորությունների շրջանակներում հետևելու եմ, որ իրավապահ մարմինները համապատասխան արդյունավետ քննություն անցկացնեն և իրավական գնահատականները տան»։

Արտակ Բեգլարյանը կարծում է, որ քվեարկության ընթացքում եղել են տեխնիկական և կազմակերպչական բնույթի խնդիրներ, որոնք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ըստ նրա միակ հիմնական խնդիրը, որը հանրային հետաքրքրություն է առաջացրել, քվեարկության օրը քվեաթերթիկի լուսանկարման դեպքերն են, որը ինքնին ապօրինի գործողություն չէ. «Հաշվի առնելով հանրային ահազանգերը՝ ընտրողի կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի վերաբերյալ, այս համատեքստում իրավապահ մարմինները պետք է ստուգեն լուսանկարահանման դեպքերի և այս ահազանգերի միջև հնարավոր կապը։ Որպեսզի փորձեն գտնել այդպիսի հնարավոր դեպքեր»։

Նա հավելեց, որ առ այսօր ապացուցված ընտրակաշառքի որևէ դեպքի մասին չգիտի, նույնը՝ վարչական լծակների կիրառմանն է վերաբերում։ Արցախի ՄԻՊ-ը կարծում է, որ լուսանկարման դեպքերը պետք է ուղիղ կերպով արգելվեն։ Եվ գաղտնիության իրավունքի իրացման հետ կապված պետությունը պետք է լրացուցիչ երաշխիքներ ստեղծի. «Լուծումներից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ծրարների կիրառումը, որը ենթադրում է, որ շատ բարդ գործընթաց չէ։ Եվ ես հույս ունեմ, որ օրենսդրական բարեփոխումների ժամանակ այս լուծումները կմտցվեն»։

https://www.facebook.com/ArtsakhOmbuds/videos/2781337428780195

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930