«Մեր ծրագրերի բոլոր բաղադրիչները` սոցիալական, առողջապահական, կրթական, անխտիր իրականացնելու ենք: Կա մեկ խնդիր` կապված բնակարանային ծրագրերի հետ. համոզված եղեք, որ բնակարանաշինության տեմպերը այնքան արագ են լինելու, այնքան մեծածավալ են լինելու, որովհետեւ ունենք աղբյուրներ, ինվեստորների հաստատված ցանկ, որոնք պատրաստ են շարունակել` անգամ այս իրավիճակում հանրությանը նախանշված ծրագրերը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, հայտարարեց երեկ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը:
Նախընտրական ծրագրում Արայիկ Հարությունյանը ներկայացրել էր բնակարանային շինարարության, հիպոթեկային արտոնյալ վարկավորման եւ տարբեր սոցիալական ծրագրեր. «Բոլորն էլ կատարվելու են, ինձ թվում է, մենք որեւէ խնդիր չենք ունենալու այդ ծրագրերը կատարելու: 2020 թվականի տնտեսական ցուցանիշները, համոզված եմ, որ բացասական չեն լինելու, իսկ 2021 թվականին լինելու է թռիչքային աճ»:
Բնակարանային ապահովման ծրագրերում, ըստ Արցախի ընտրված նախագահի, փախստականները արտոնյալ կարգավիճակ են ունենալու եւ առաջնային ծրագրից են օգտվելու:
Խոսելով տնտեսական ծրագրերի մասին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ՀԷԿ-երի շինարարությունը շարունակվելու է, խստացվելու են բնապահպանական պայմանները: «Ցանկացած ոչ իրավական միջամտություն`ՀԵԿ-երի շինարարությանը, օրենքով է պատասխանատվության ենթարկվելու, դա ընդհուպ անվանվելու է երկրի զարգացման հանդեպ դիվերսիա: Ես ՀԷԿ- չունեմ, բայց ՀԷԿ-երի շինարարության ամենամեծ ջատագովն եմ եղել եւ մնում եմ: Ովքեր դեմ են մեր էներգետիկ անկախությանը`նրանք մեր թշնամիներն են»,- ասաց Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ հիդրոէներգետիկան լինելու է էներգիայի գլխավոր այլընտրանքային աղբյուրը, այն ապահովելու է Արցախի էներգետիկ անկախությունը, ավելին, լուրջ դեր է խաղալու նաեւ Հայաստանի էներգետիկ անկախության հարցում: Արեւային էներգետիկան նույնպես զարգացվելու է, հատկապես վերաբնակեցված բնակավայրերում արտոնյալ վարկեր են տրամադրվելու արեւային մարտկոցների ձեռքբերման համար: Բայց արեւային էներգետիկան էներգետիկ անկախության հարց չի լուծելու: Տրանսպորտային նորամուծությունը լինելու են էլեկտրոմոբիլները:
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանը վստահեցնում է`իր նախագահության հինգ տարիները Արցախի պատմության մեջ մնալու են սոցիալ-տնտեսական զարգացման լավագույն տարիներ, եթե շատ ավելի ծանր ֆորս-մաժորային իրավիճակ չլինի. «Այս ֆորս-մաժորին մենք դիմանալու ենք»:
Արայիկ Հարությունյանը մտադիր է օգտագործել նաեւ Ռուսաստանի հայ համայնքի չօգտագործված ներուժը: Երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվի, Արցախի նախագահի կարգավիճակում արտասահմանյան իր առաջին ուղեւորությունը լինելու է ՌԴ: «Ռուսական համայնքի մեկ ներկայացուցիչ տարեկան շատ ավելին կարող է անել, ինչպես, օրինակ, Սամվել Կարապետյանն է անում: Համարյա Արցախի եւ Հայաստանի չափ համայնք ունենք ՌԴ-ում, ղարաբաղյան համայնքը ՌԴ-ում է»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից