«Մենք երբեւէ ՀՀ արդարադատության համակարգի գործունեությունը կասկածի տակ չենք դրել: Հայաստանում կա արդարադատական համակարգ`իրենց որոշելիքն է, ես չեմ ուզում մտնել կամ գնահատական տալ Հայաստանի արդարադատական համակարգի գործունեությանը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը`պատասխանելով արդեն տեւական ժամանակ կալանքի տակ գտնվող Արցախի նախկին վարչապետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցին:
Արայիկ Հարությունյանը հիշեցրեց նաեւ, որ ավելի վաղ`մինչ Արցախի նախկին վարչապետները կորոշեին անձնական երաշխավորություն ներկայացնել`Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, «Ազատ հայրենիք» կուսակցությունը հայտարարությամբ էր հանդես է եկել` դիմելով ՀՀ դատախազությանը`եթե հնարավոր է, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել, նաեւ «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավորներն էին ստորագրություններ հավաքել:
Պատասխանելով հարցին`ի՞նչ կադրային քաղաքականություն է վարելու, բանախոսն ասաց, որ կլինեն փոփոխություններ, նաեւ կլինեն գործիչներ, որոնք կմնան կառավարման համակարգում. «Բայց այսօր դեռ չեմ մտածել այդ ամենի մասին, ժամանակ ունենք նշանակումների ժամանակ`հիմնավորել, թե ի՞նչ սկզբունքներից ելնելով է տվյալ անձը նշանակվում տվյալ պաշտոնին»:
Բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողները, Արայիկ Հարությունյանի պատկերացումներով, պետք է առաջին հերթին հասանելի լինեն հանրության համար, աշխատեն թափանցիկ, հարգվեն հանրության կողմից, իհարկե, հիմքում ունենալով արհեստավարժությունը:
Կարդացեք նաև
Քաղաքական ուժերի հետ հետագա համագործակցությունը կլինի կոալիցիոն, թե այլ ձեւաչափ կընտրվի, Արայիկ Հարությունյանը դեռ չի կարող ասել, բայց պատրաստ է բոլորի հետ համագործակցության`սոցիալ-տնտեսական հարցեր, Արցախի հարցի կարգավորման, անվտանգության խնդիրներ եւ ՀՀ իշխանությունների հետ ներդաշնակ աշխատանք, օրակարգի շուրջ: Մի քանի օրից կսկսվեն պառլամենտում ներկայացված քաղաքական ուժերի հետ հանդիպումները`պատկերն ավելի հստակ կլինի:
Արայիկ Հարությունյանը պատրաստ է համագործակցության նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ: Այս համատեքստում անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ առաջին փուլից հետո եղած հանդիպումներին եւ համագործակցության առաջարկին, Արայիկ Հարությունյանը ևս հայտարարեց, որ ոչ մեկի հետ ոչ մի հանդիպում չի ունեցել, բանակցություն չի վարել եւ հավելեց. «Սամվել Բաբայանը մի քանի անգամ այդ հարցի պատասխանը տվել է`իրեն պաշտոնը չի հետաքրքրում: Ցանկացած քաղաքական գործչի, իրեն հարգող քաղաքական անձի`պաշտոնը չի հետաքրքրում, հետաքրքրում են ծրագրերը, սկզբունքները: Հայտարարել է, որ պատրաստ է ծրագրերի շուրջ համագործակցության: Հայտարարել ենք, որ պատրաստ ենք ծրագրերի, սկզբունքների շուրջ համագործակցության`ոչ միայն այդ ուժի, այդ անձի հետ, այլ մնացած բոլոր քաղաքական ուժերի հետ: Որեւէ պայմանավորվածություն չի եղել, եթե լինի`հանրությունը տեղյակ է լինելու դրա մասին»:
Ինչ վերաբերվում է Սահմանադրական փոփոխություններին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ մասին խոսելը վաղ է, իշխանությունը կձեւավորվի`պարզ կլինի: Գործող Սահմանադրության առավելություն է համարում այն, որ շատ կետեր հնարավոր է փոխել 2/3-ով եւ կախված ընտրությունների ժամանակ ակնհայտ դարձած խնդիրներից եւ հետագա անհրաժեշտություններից՝ մասնագետները կտան այդ հարցի պատասխանը:
Կորոնավիրուսի համավարակի արդյունքում հնարավոր տնտեսական բարդություններին դիմագրավելու համար, ըստ Արայիկ Հարությունյանի, կլինի անհրաժեշտություն դիմելու ՀՀ իշխանություններին`Արցախում ներգրավվելու լրացուցիչ միջոցներ` տնտեսության խթանմանն ուղղելու նպատակով: Այս առումով, նա առաջիկայում ծրագրում է հանդիպում ՀՀ իշխանությունների հետ: Քննարկման հիմքում լինելու է ոչ միայն վարակի տարածման կանխարգելումը, այլ նաեւ տնտեսական բարդություններին դիմագրավելու հարցեր, որոնցով, ըստ բանախոսի, օգնելու են նաեւ ՀՀ տնտեսությանը. «Պարենային անվտանգության առումով մենք լուրջ անելիքներ ունենք: Այո, դիմելու եմ եւ համոզված եմ, որ ՀՀ կառավարությունը, ինչպես միշտ, ապագայում ևս աջակցելու է Արցախի իշխանությանը»:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/582560349021774/
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ