«Պարոն Սաիյան, 2009թ.-ին դուք նախարարության վարչության պետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, ի շարս այլ պաշտոնյաների, օրինակ՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանի, շեյխ Մուհամմեդ Մուսալամիի, եւ այլոց, վարձակալել եք 2,5 հազար մետր հողատարածք «Հայանտառ» ՊՈԱԿ-ից եւ վճարը՝ տարեկան 60 000 դրամ, չեք կատարել մինչեւ 2019թ.-ը»,-ԱԺ այսօրվա նիստում դիմելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին (լուսանկարում)՝ մամուլի հրապարակումներից մեկը մեջբերեց անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա շարունակեց. «Տույժ տուգանքով այդ գումարը դարձել է 529 000 դրամ: ՊՈԱԿ-ը դիմել է դատարան՝ պետության այդ պարտքը ստանալու համար: Կուզեի իմանալ՝ այդ ի՞նչ պարտք է, որը չեք կատարում, ինչո՞ւ պետության պարտքը չեք վճարում»:
Սմբատ Սաիյանն արձագանքեց. «Ճիշտ եք, նման դեպք եղել է, բայց պետության հանդեպ պարտավորություն ունենալու մասին ձեր տեղեկատվությունը ժամանակավրեպ է: Իսկ թե ինչու է պարտքը գոյացել, թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ