Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը դեմ է, որ կերակրողին կորցրած ուսանողի նպաստը պահպանվի մինչեւ բուհն ավարտելը

Ապրիլ 15,2020 13:42
Karavarutyun

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է «Իմ քայլի» պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հայկ Կոնջորյանի հեղինակած՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:

Հայկ Կոնջորյանը նախ նշեց, որ գործող օրենքով՝ ընտանիքի կերակրողին կորցրած եւ առկա ուսուցմամբ սովորող քաղաքացիներն ունեն նպաստի իրավունք, որը պահպանվում է մինչեւ իրենց՝ 23 տարեկանը լրանալը. «Նախկինում ՀՀ-ում գործել է կրթության տասնամյա համակարգը, եւ քաղաքացիները նշյալ իրավունքից օգտվել են մինչեւ մագիստրատուրան ավարտելը: Մի շարք օրենքների փոփոխությունների պատճառով քաղաքացիների մի մասն այլեւս չի կարողացել այս իրավունքից օգտվել, այսինքն՝ վատթարացում է եղել: Ուստի առաջարկում ենք, որ կերակրողին կորցնելու նպաստի իրավունքը պահպանվի մինչեւ 26 տարեկանը»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը հայտարարեց, որ կառավարությունը դեմ է այս օրինագծին. «Մնում ենք մեր կարծիքին, որ այս փոփոխությունն անհրաժեշտ չէ, առաջարկում ենք ձեռնպահ մնալ: Եթե խնդիր կա աջակցելու սովորողներին, դա այլ հարց է, եւ կենսաթոշակային օրենսդրությունն այն մեխանիզմը չէ, որով պետք է խոցելի խմբին աջակցել: Հաշվի առեք նաեւ, որ այդ տարիքը կապակցված չէ կրթական համակարգի հետ: Անգամ ԽՍՀՄ տարիներին այդ դրույթը նպատակ չի ունեցել ամբողջ ընթացքում անձին կենսաթոշակով ապահովելու»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Անձամբ ինձ համոզեցիք»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ շեշտեց. «Կառավարության ներկայացուցիչ, սա ճիշտ նախագիծ է: Եթե գաղափարին կողմ եք, ի՞նչն է խանգարում հենց հիմա ու այս տարբերակով օրինագիծն ընդունել: Հավելեմ, որ ինձ դիմել են բուհերի շատ ուսանողներ, որոնց խնդրանքը մեկն է՝ ուսման վարձն առնվազն 25%-ով զեղչել: Ծնողների մեծ մասը չի աշխատում: Միջոցառումների մի փաթեթ էլ պետք է նախատեսվի ուսանողների համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930